Բայդենի հավաստմամբ՝ Վաշինգտոնն ուզում է կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ

Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել է, թե Վաշինգտոնն ուզում է կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։

«Ժամանակն է սկսել դեէսկալացիան», - ասել է Ջո Բայդենը, հավելելով՝ երեկ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով՝ իր վարչակազմը ցանկացել է ոչ թե սրել լարվածությունը, այլ՝ արձագանքել Ռուսաստանի՝ մինչ այդ ձեռնարկած քայլերին։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ օտար պետությունը անպատիժ մնա՝ մեր ընտրություններին միջամտելուց հետո», - հայտարարել է Բայդենը՝ նկատի ունենալով Մոսկվայի միջամտությունը 2016-ի նախագահական ընտրություններին։

Նույն օրն ավելի վաղ Վաշինգտոնը արտաքսել էր 10 ռուս դիվանագետների, սահմանափակումներ մտցրել ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ։

«Եթե Ռուսաստանը շարունակի միջամտել մեր ժողովրդավարությանը, ես պատրաստ եմ հավելյալ քայլեր ձեռնարկել», - զգուշացրել է ԱՄՆ նախագահը։