Որոնումներն այսօր իրականացվում են Քուբաթլուի ուղղությամբ, երեկ վիրավորված փրկարարի վիճակը կայուն է

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են:

Ըստ հաղորդագրության՝ փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:

Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է։