ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանը հատուկ ելույթ է ունեցել Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ: Դրան, հիշեցնենք, նախորդել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-ից Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման որոշումը:
Բայդենը մասնավորապես ասել է․ - «Հիմա ժամանակն է սկսել դեէսկալացիան: Մենք պետք է առաջ շարժվենք մտածված երկխոսության և դիվանագիտական գործընթացների միջոցով: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել կառուցողական առաջընթացը այս գործընթացում: Իմ սկզբունքը հետևյալն է՝ որտեղ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից, մենք պետք է համագործակցենք, որտեղ Ռուսաստանը փորձում է ոտնահարել Միացյալ Նահանգների շահերը, մենք պատասխանելու ենք»:
Ռուսաստանում նոր պատժամիջոցներն անվանել են անընդունելի, իսկ ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շինծու: Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ դեսպանին ասել է, որ շուտով կլինեն մի շարք պատասխան միջոցառումներ: