Պաշտպանը 2020-ին քովիդին առնչվող հարցերով ստացել է շուրջ 3 հազար բողոք

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2 հազար 952 դիմում-բողոք, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։

Ըստ ՄԻՊ-ի՝ հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներին (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն), ինչպես նաև Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու, հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինության, դադարեցված մատակարարումների վերականգնման, աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման, մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված, Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներին, կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերող խնդիրներին և այլն: