Ռուսաստանը մտադիր է գրեթե կես տարով փակել Կերչի նեղուցը

Նավեր Կերչի նեղուցում, արխիվ

Ռուսաստանը զորավարժությունների պատրվակով մտադիր է գալիք շաբաթվանից մինչև հոկտեմբեր փակել Սև ծովի մի մասը, մասնավորապես Կերչի նեղուցի ուղղությամբ արգելվելու է այլ երկրների նավերի, այդ թվում՝ ռազմանավերի նավարկությունը։

Ուկրաինայի արտգործնախարարությունը երեկ բողոք է հայտնել՝ պնդելով, որ նման քայլը հակասում է միջազգային օրենքի նորմերին։ Ըստ ՄԱԿ-ի ազատ նավարկության կոնվենցիաների՝ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Կերչի նեղուցով Սև և Ազովի ծովերի միջև նավերի տեղաշարժը։

Ղրիմի բռնակցումից հետո Ուկրաինան Ազովի ծովում նավահանգիստներ ունի, ու եթե Կերչի նեղուցը փակվի, դա նշանակում է՝ Ուկրաինայի համար Ազովի ծովից նավագնացության ճանապարհը փակվում է։

Կերչի նեղուցի կարգավիճակը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև վիճաբանության առարկա է։ Կիևը և միջազգային հանրության մեծ մասը գտնում են, որ Կերչի նեղուցը միջազգային տարածք է, իսկ Ռուսաստանը պնդում է, որ այն իր ներքին ջրային տարածքն է։ Ռուսաստանը փաստացի վերահսկում է նեղուցով կատարվող նավագնացությունը։

2018 թվականին այստեղ ռազմական բախում տեղի ունեցավ ուկրաինական ու ռուսական նավերի միջև։ Արդյունքում՝ ռուսները գերեվարեցին ուկրաինական երեք նավերի անձնակազմերն ու կալանեցին նավերը։ Մոսկվան ուկրաինացի նավաստիներին մեղադրեց Ռուսաստանի սահմանը խախտելու մեջ, գրեթե մեկ տարի անց նավաստիներն ու նավերը վերադարձվեցին Ուկրաինային։

Անցած չորեքշաբթի օրը Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Սև ծովում։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած փաստաթղթով Տագանրոգի առափնյա հատվածը 20 տարով հանձնվել է Պաշտպանության նախարարության օգտագործմանը՝ երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու նպատակով։ Ազովի ծովում Տագանրոգը սահմանակից է Ուկրաինային։

Ազովի ծովում ուկրաինական ռազմանավերը ներկայումս հերթապահություն են իրականացնում; Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մոտորանավակները փորձել են խոչընդոտել ուկրաինական նավերին, փորձը անհաջողության է մատնվել, ուկրաինական նավերը շարունակել են մարտական հերթապահությունը և «առաջիկայում ևս կպաշտպանեն Ուկրաինայի անվտանգությունը, այդ թվում՝ Ազովի ծովի հատվածում»։