Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը, հայտնում է Խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը», - ասված է ԲԴԽ տարածած հաղորդագրությունում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
«Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։
Աբրահամյանը նաև նշել է, որ գործի հարուցման համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում, քանի որ այն կապված չէ Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ։