Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, ԵՄ հատուկ ներկայացուցչին ասել է Դավիթ Բաբայանը

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայան, արխիվ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ Բաբայանը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, քննարկվել են հետպատերազմական ճգնաժամի հաղթահարմանն առնչվող հարցեր, փոխանցում է Արցախի արտգործնախարարությունը։

Նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ միաժամանակ մատնանշելով պաշտոնական Բաքվի բացահայտ անհարգալից վերաբերմունքը միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Բաբայանը շեշտել է, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, և հավելել, որ անվտանգությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են։

Հիշեցնենք՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը այսօր հանդիպել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արա Այվազյանի հետ։