Իմ քայլականների՝ վարչապետի հայտարարություններին հաջորդած ծափահարությունները քննադատությունների առիթ են դարձել

«Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան», - խորհրդարանում վարչապետի հայտարարություններին ծափահարությունները հոտնկայս էին, ծափահարողները՝ իշխանական ողջ խմբակցությունն ու կառավարության անդամները։

Չուշացավ ընդդիմության ու պատերազմից հետո «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների խիստ քննադատությունը։ Իշխանականները չէին հասկանում՝ ինչո՞ւ։ Շիրակ Թորոսյանն ասում է՝ լավ գաղափարներ հնչեցին, ինքն էլ ծափ տվեց. «Լավ գաղափարներ՝ ապագայի նկատմամբ վստահության»:

Երբ կան հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ, ի՞նչ ծափեր, լրագրողները հարցի պատասխանը փորձեցին ստանալ նաև «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի մամուլի նախկին խոսնակ Արման Եղոյանից: «Կխնդրեմ գործընթացները կարողանալ իրար հետ փոխկապակցել, ոչ թե ուղղակի բառերը շարել իրար կողք, մեկը մյուսի հետ կապ չունի», - պատասխանեց պատգամավորը:

Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանը կարճ էր, հետո նա իր աշխատասենյակի փակ դռան մի կողմում հայտնվեց, նրան հարցեր տալ պատրաստվող լրագրողները՝ մյուսում։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էր ծափահարում, Քոչարյանը պատասխանեց. «Որ դուք այդ հարցը տաք»:

«Ծափահարությունները չէին վերաբերվում զոհերին կամ շահարկումներին», - արձագանքեց «Իմ քայլից» Արփի Դավոյանը։

Դահլիճի ծափահարություններով չբավարարվեց ԱԺ-ի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Հայաստանը, Արցախը ապագա ունեն, եթե կա մարդ, ոը մտածում է՝ Հայաստանը և Արցախը ապագա չունեն, հաջողություն բոլոր այդ մարդկանց: Հայաստանի Հանրապետությունը և Արցախը ապագա ունեն, ծափահարություններ»:

«Ապագան պետք է տեսնել, նոր ծափահարել», - պատերազմից հետո իշխանական խմբակցությունից դուրս եկած, այժմ որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում էր՝ զարմացած է գործընկերների քայլից։ Իսկ ահա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ոչ։

«Մենք նույնիսկ առաջնագիծ չունենք, ինչի՞ն ենք ծափահարում, ծափահարում ենք, որ Արցախի 70 տոկոսն արդեն մերը չէ՞, ծափահարում էինք, որ Վարդենիսի հարակից և Սյունիքի բոլոր բնակավայրերում արդեն ադրբեջանական զինո՞ւժն է վերահսկողություն իրականացնում, և մենք անգամ խրամատ չունենք փորված, և մեր զինվորները քնում են ցելոֆանով փակված վրանների մե՞ջ», - ասաց Թովմասյանը:

Տարոն Սիմոնյանը նշեց. «Նրանք ինչ-որ նոր բարոյականություն են սահմանել, որը կոչվում է «Իմ քայլի» բարոյականություն: Այս ծանր կորուստներից հետո անգամ, այս դժբախտություններից հետո, 9 հազար քառակուսի կիլոմետր կորցնելուց հետո արտաքին հարաբերություններում նման ծանր իրավիճակներ գրանցելուց հետո դեռ մի հատ էլ ծափողջյուններով նորից ընդգծում են իրենց քաղաքական առաջնորդի կրկնակի ապիկարությունը»:

Նախկին իմ քայլական Գոռ Գևորգյանի դիտարկմանը, թե իր թիմակիցներին պետք է փորձեր սաստել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց՝ ըստ էության պաշտպանելով իշխանական մեծամասնության հոտնկայս ծափահարությունները։

«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած գերեվարված մեր հայրենակիցներ և չխնկարկված գերեզմաններ: Դուք որպես վարչապետ պետք է ձեր թիմակիցների գոնե փորձեիք սաստել», - ասաց Գևորգյանը:

«Որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք: Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում, Դուք եթե օգտագործում եք ձեր թիմը հարցը, Դուք ընդհանրապես այդտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք, և ես ասում եմ, որ չունեք այդ իրավունքը, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում պատասխանե: Իսկ, այո, մենք ծափահարում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ապագային, և մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին, էդ ձեր էժան գործելակերպը, հղումներ անելով, դադարեցրեք», - արձագանքեց վարչապետը: