Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց

Մարտի 1-ի գործով մեկ շաբաթ առաջ արդարացվելուց հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կաշառքի գործով նիստին դատարան չէր եկել։

Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը մեկուսացած է, կորոնավիրուսի թեստ է հանձնել, և քանի որ դեռևս պատասխան չկա, չի կարող ներկայանալ։ Նրա փոխանցմամբ, Քոչարյանը մեկ շաբաթ առաջ կոնտակտ է ունեցել հաստատված քովիդով երկու հիվանդների հետ։

Պաշտոնաթող նախագահն ու նրա նախկին երեք ենթականերն 2008-ի արյունալի դեպքերի գործով անցած շաբաթ արդարացվեցին, քանի որ Բարձր դատարանն անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդվածը։ Այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունեն միայն երկրորդ նախագահ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի, 1998-2008 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանը օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ու այնպես է արել, որ չխոչընդոտվի «Թի Էս Էս Սի Արմենիա» ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Եվ 2008 փետրվարին և մայիսին Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ երկրորդ նապագահը Համբարձումյանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։

Քոչարյանի պաշտպանները պնդում են, թե այս գործն անհիմն է, այլ կարծիքի է Գլխավոր դատախազի տեղակալ, այս գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը․ - «Դրանք սուբյեկտիվ գնահատականներ են։ Սա օրենքով սահմանված կարգով առաջադրված մեղադրանք է, որի հիմնավորվածությունը կարող է գնահատել բացառապես սույն դատարանը, որը քննում է քրեական գործը»։

Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Գլխավոր դատախազությունը մտադիր է վերաորակել մեղադրանքը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անցած շաբաթ դիմելով Սահմանադրական դատարան՝ խնդրել է հակասահմանադրական ճանաչել մի շարք հոդվածներ, որից հետո հնարավորություն կունենան Քոչարյանին և մյուսներին կանչել քրեական պատասխանատվության 13 տարի առաջ՝ 2008-ին մայրաքաղաքի կենտրոնում հետընտրական շրջանում տեղի ունեցած դեպքերի համար։

Այսօր դատական նիստից հետո մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած արդարացման որոշումը առավոտյան է ստացել, դեռ չի հասցրել ծանոթանալ։ Բայց քանի որ որոշ փաստաբաններ արդեն հրապարակել են որոշման հատվածները, ապա կարող է պնդել՝ Աննա Դանիբեկյանի եզրահանգման հետ իրենք համաձայն չեն։

Դատավորը գրել է, որ նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունն արգելափակող դրույթների սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը համատեղելի չէ արդարադատության գործառույթի հետ։ Պարզ ասած՝ արդարացվելուց հետո Քոչարյանին և մյուսներին նույն արարքի համար չեն կարող այլ հոդվածով մեղադրել, դրանով կխախտվի նրանց անմեղության կանխավարկածը։

«Դատարանը պետք է բարձրացնի էդ հարցը․ էն կարգավորումները, որոնք իրեն զրկում են մեզ հնարավորություն տալու հնարավորությունից, որ մենք փոխենք մեղադրանքը, արդյո՞ք համապատասխանում է արդարադատությանը։ Արդարադատությո՞ւն ա էն իրավիճակը, երբ որ բոլորս կարող ենք ասել, որ անձի արարքում էս հանցակազմը կա, և էս հանցակազմի մասին խոսում ենք, որովհետև հատուկ նորմը վերացվել է, մնացել է ընդհանուրը, չենք կարողանում դատավարական որևէ գնահատական տալ։ Դա արդարադատությո՞ւն ա, լա՞վ արդարադատություն ա․․․ Մենք հենց դա ենք ասում», - նշում է Բաղդասարյանը։

Մինչդեռ պաշտպանական կողմը հակառակ կարծիքին է՝ գտնելով, թե Քոչարյանն ու մյուսները 2008-ի մարտյան իրադարձությունների համար արդարացվելուց հետո այլևս երբեք այդ դեպքերի համար չեն կարող կրել պատասխանատվություն։

Ինչ վերաբերում է դատախազության ցանկությանը 2008-ի դեպքերի համար Քոչարյանին և մյուսներին մեկ այլ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրելու հարցին, ապա դրա վաղեմության ժամկետն անցել է, ինչը նշանակում է, որ այդ արարքի համար նրանք չեն կարող դատապարտվել։

Գլխավոր դատախազի տեղակալ Բաղդասարյանն ասաց՝ եթե Քոչարյանն ու մյուսները համաձայնեն, ապա դատավարության ընթացքում վաղեմության ժամկետը կարող է տարածվել նրանց վրա, և որոշում կկայացվի դադարեցնել քրեական հետապնդումը՝ ոչ արդարացման հիմքով։