Ալիևը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությանը, բայց նոր ասպարեզում գործելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, թե Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ «Ես հուսով եմ` նրանք շուտով կայցելեն մեզ որոշ առաջարկներով, և մենք ուշադիր կուսումնասիրենք այդ առաջարկները», - ասել է նա` հավելելով, թե ինքը չի պնդում, որ Մինսկի խումբն այլևս անհրաժեշտ չէ՝ նոր պայմաններում նրանք կարող են աջակցել տարածաշրջանում խաղաղության հետագա հաստատմանը։

Նրա խոսքերով` Մինսկի խումբը կարող է հետկոնֆլիկտային իրավիճակում դերակատարություն ունենալ, բայց «ոչ թե որպես հակամարտությունը կարգավորող խումբ, այն արդեն կարգավորված է», այլ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու առումով։ Ալիևն ասել է, թե միջազգային խաղացողները կարող են աջակցել սահմանների դեմարկացիային, ապառազմականացմանը, փոխգործակցության հաստատմանը։