Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Շիրակի մարզ տանող ճանապարհները փակ են, արխիվ

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը` նշելով, որ այն չի բացվի, մինչև վարչապետը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման։

Նրանք հայտարարում են` այլևս Երևան չեն գնալու, վարչապետին ու նախարարին սպասում են Գյումրիում, որպեսզի գան և հստակ կամ թեկուզ մոտավոր ժամկետ ասեն, թե երբ իրենց երեխաները կվերադաձվեն։

Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ փակ է մարզպետարանի շենքի մուտքը, և աշխատակիցներին թույլ չեն տալիս ելումուտ իրականացնել:

Եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, որոնցից անցած ամիսներին հայրենիք են վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։

Նրանց հարազատները նախորդ շաբաթ շուրջ 13 ժամ փակ պահեցին մարզ տանող ճանապարհները: