Բաքվում բացված «պուրակը» հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է, շեշտում է Հայաստանի օմբուդսմենը

Ադրբեջան - Բաքվում երեկ բացված «Ռազմավարի ցուցահանդես-պուրակը»

Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Երեկ Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», նշում է Արման Թաթոյանը՝ շարունակելով․

«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:

«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում»:

Ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը, շեշտում է Հայաստանի օմբուդսմենը, հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վերհանել է ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ, որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:

Թաթոյանը շեշտում է, որ նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը, որի հետևանք են «այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թե՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների, թե՛ ադրբեջանական այլ զինված հարձակումների ժամանակ»:

«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար», - շեշտում է Հայաստանի օմբուդսմենը՝ հայտնելով, որ իր հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում: