Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը՝ ապրիլի 13-ին, կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկօրյա այցի ընթացքում տեղի կունենա երկու հանդիպում:
Դրանցից առաջինը ոչ պաշտոնական բնույթ է կրելու: Ալիևը և Լուկաշենկոն կքննարկեն ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների և երկկողմ ռազմավարական համագործակցության հարցերը:
Երկրորդ և հիմնական հանդիպումը տեղի կունենան չորեքշաբթի օրը՝ նախ՝ սահմանափակ թվով բանակցողների, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների բոլոր անդամների մասնակցությամբ:
«Հիմնականում ուշադրություն է հատկացվելու երկու երկրների առևտրատնտեսական փոխգործողության և համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու խնդիրներին, նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում», - հայտնել է Լուկաշենկոյի մամլո ծառայությունը:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ 2020 թվականին Ադրբեջանը դարձել է Բելառուս նավթ փոխադրող այլընտրանքային հիմնական մատակարարը՝ այն բանից հետո, երբ ռուսական ընկերությունները միառժամանակ դադարեցրել են առաքումները:
Լուկաշենկոյի և Ալիևի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Մինսկում 2018 թվականին: Այդ հանդիպման արդյունքում Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կնքել են համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագրեր: