Բրիտանիայում թուլացնում են կարանտինը

The Fox on the Hill փաբի այցելուները նշում են կարանտինի արգելքների աստիճանական չեղարկումը, Լոնդոն, 12 ապրիլի, 2021թ.

Բրիտանիայում այսօրվանից վերաբացվում են ավանդական գարեջրատները՝ փաբերն, ինչը համարվում է կարևոր քայլ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու ուղղությամբ:

Փաբերն ու ռեստորաններն առայժմ միայն պատուհանից են սպասարկում այցելուներին, ովքեր կարող են խմիչքը և ուտեստները վայելել այդ հիմնարկներին կից բացօթյա սրահներում և պարտեզներում: Փաբերի և ռեստորանների ներսի սրահները կբացվեն հավանաբար մայիսի 17-ից:

Փաբերից զատ, վերաբացվում են խանութները, վարսավիրանոցները, մարզական սրահները և մի շարք այլ հիմնարկներ:

Բրիտանիան թուլացնում է սահմանափակումները, քանի որ չափահաս բնակիչների մեծամասնությունն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն առաջին դեղաչափը:

Ըստ տնտեսագետների, բրիտանական տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների հետևանքով կորցրել է մոտ 27 միլիարդ փաունդ, ինչը հավասար է 37 միլիարդ դոլարի: