Ղրղզստանի քաղաքացիները հանրաքվեով հավանություն են տվել նախագահի լիազորությունների ընդարձակմանը:
Ըստ Բիշքեկից ստացված հաղորդագրության, Սահմանադրության լրամշակման հարցով հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը:
Սահմանադրությունը լրամշակելու առաջարկը ներկայացրել է հենց նախագահ Սադիր Ժապարովն, ով, ըստ Reuters լրատվական գործակալության, «իշխանությունը գրավել է 2020 թվականին՝ անցած 15 տարվա ընթացքում թվով արդեն երրորդ հեղաշրջման արդյունքում»:
Լրամշակումները նախագահին թույլ կտան պաշտոնավարել երկրորդ անգամ, նշանակել կառավարություն և լիազոր ներկայացուցիչներ շրջանային վարչակազմերում, ընդունել խորհրդարանական ընտրություններ և հանրաքվեներ անցկացնելու որոոշումներ և արտակարգ դրություն սահմանել:
Ժապարովն ասել է, թե այդ լրամշակումներն «անհրաժեշտ են երկրում քաոտիկ կառավարմանը վերջ տալու համար»:
ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդն ավելի վաղ հայտարարել են, որ լրամշակումները սպառնում են իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությանը և անձնական ազատությունների պաշտպանությանը: