Իրանը պնդում է, որ Նաթանզի միջուկային կենտրոնը ենթարկվել է ահաբեկչական գրոհի

Նաթանզի միջուկային կենտրոնի արբանյակային լուսանկարը, Սպահանի շրջան, 21 հոկտեմբերի, 2020թ.

Իրանը պնդում է, որ Նաթանզի միջուկային կենտրոնն ահաբեկչական հարձակման է ենթարկվել: Միջադեպը երեկ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստակայանը:

Իրանը չի ցանկանում վեճերի մեջ ներքաշվել, սակայն մշտապես զգոն կլինի և վճռականորեն կպատասխանի Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողություններին: Սա նախազգուշացրել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի ռազմական հարցերով խորհրդական Հոսեյն Դեղանը:

«Միանգամայն հստակ հայտնում ենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն դիվերսիաների դիմել և պատերազմ սկսկել, Իրանը լուռ չի մնա և համարժեք պատասխան կտա»,- ասել է Դեղանը:

Իրանցի քաղաքական վերլուծաբան Ֆոադ Իզադիի փոխանցմամբ, Իրանի միջմայրացամաքային հրթիռները բավական ճշգրիտ են և հզոր, և Իրանն ունի Լիբանանի հարավում տեղակայած անհրաժեշտ թվով հրթիռներ:

«Պատճառներից մեկը, որն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ստիպում է սպառնալիքներ հնչեցնել, բայց դրանք չիրականացնել, հենց այդ հրթիռներն են, նա գիտի, որ Իրանի վրա հարձակման դեպքում կենթարկվի հրթիռների հարվածին Հարավային Լիբանանից: Ուստի, Իրանն ունի պաշտպանվելու միջոց, և Իսրայելը դա գիտի»,- ասել է վերլուծաբան Իզադին:

Մինչդեռ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի հետախուզությունը՝ Մոսսադը կիբերհարձակում է գործել «Իրանի միջուկային կենտրոններից մեկի վրա»:

Իսրայելի հետախուզության մի անանուն ներկայացուցիչ նշել է, որ խոսքը Նաթանզի կենտրոնի մասին է:

«Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու պայքարը շատ լուրջ է և ծավալուն խնդիր է, մենք ոչնչից, բացարձակ անօգնական վիճակից գերտերություն ենք դարձել, այդպիսի բան ազգերի պատմության ընթացքում չի եղել, առնվազն տարածաշրջանային տերություն ենք, իսկ որոշ բնագավառներում նաև համաշխարհային»,- ասել է Նեթանյահուն բարձրաստիճան զինվորականների և հետախուզության ղեկավարների հետ երկրի հիմնադրման 73-ամյակին նվիրված հանդիպման ընթացքում:

Նաթանզի միջուկային կենտրոնի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները և մնացած գերտերությունները փորձում են վերականգնել Իրանի հետ 2015 թվականին կնքած միջուկային պայմանագիրը, որով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ակտիվությունն ու, մասնավորապես, ուրանի հարստացումը։

Միջազգային գերտերություններն այդ փաստաթղթով պարտավորվել են աստիճանաբար թուլացնել Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները:

2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պայմանագրից դուրս գալու մասին և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Թեհրանն, ի պատասխան դրան, ավելացրել է ուրանի հարստացման աստիճանը: