Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Ուկրաինայի հետ և անընդունելի է համարում պատերազմի որևէ հնարավորություն: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, «Դոնբասում և դրա շուրջ ստեղծվել է չափազանց վտանգավոր իրավիճակ, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի»:
Պեսկովը չի բացառում, որ Ուկրաինան կարող է ուժ գործադրել ներքին խնդիրները լուծելու համար:
Անդրադառնալով Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորք կուտակելու վերաբերյալ Արևումտքի արտահայտած մտահոգություններին` Պեսկովը նշել է, որ բանակի տեղաշարժն ուղղված չէ որևէ երկրի դեմ, «այն իրականացվում է բուն Ռուսաստանի տարածքում և, հետևաբար, չպետք է մեկնաբանվի որևէ այլ պետության կողմից»:
Պեսկովը միաժամանակ ասել է, որ «թեպետ ոչ ոք Ռուսաստանում պատերազմ չի ցանկանում, այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Ուկրաինայի արևելքում ապրող ռուսների, ավելի ճիշտ՝ ռուսալեզու բնակիչների ճակատագրի նկատմամբ»: