Իրանը հայտնում է Նաթանզում միջուկային կառույցում տեղի ունեցած միջադեպի մասին

Էլեկտրականության բաշխման ցանցի խնդիրները Նաթանզի իրանական միջուկային կառույցում հանգեցրել է միջադեպի: Այս մասին հայտնում են իրանական պաշտոնական աղբյուրները։

Հաղորդվում է, որ նախօրեին այդտեղ շահագործման է հանձնվել ցենտրիֆուգների կատարելագործման նոր արտադրամաս։ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ «միջադեպի հետևանքով զոհեր չկան»։ Պաշտոնյայի խոսքերով՝ տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Նախօրեին մասնակցելով ցենտրիֆուգների նոր արտադրամասի բացման արարողությանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և ռազմական ձեռքբերումների հասնելու նպատակ չունի։ Միջազգային փորձագետները մինչդեռ հակառակն են պնդում, նկատելով, որ ցենտրիֆուգների կատարելագործմանն ուղղված քայլերը Թեհրանի կողմից հերթական անգամ իրանական միջուկային գործարքի խախտում է։