ՀՀ-ն 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին. նախարար

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին` համաձայն Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրության։ Այս մասին հայտնում է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536, 2019 թ.-ին՝ 2 հազար 266, իսկ 2020թ.-ի հունվարի 31-ին՝ 2 հազար 221 անձ)։

Զեկույցում համեմատական է տարվել նաև 2010 և 2020 թվականների միջև և արձանագրվել, որ 2010 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 50.4 տոկոս կրճատում, որը համեմատական աղյուսակում երկրորդ լավագույն արդյունքն է», - ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է նախարարը:​

Զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ, արձանագրել է Ռուստամ Բադասյանը:

«Հայաստանում 2020 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.1 տոկոս ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։

Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5 տոկոս: Սա գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (86.6 տոկոս)», - գրել է նա: ​

​Վիճակագրական տվյալները ներկայացված են 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ, ուստի ըստ նախարարի` 2020 թվականի տարեվերջին կատարված արձանագրումները թույլ են տալիս նախանշելու, որ հաջորդ տարվա վիճակագրությամբ Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցելու որոշ ցուցիչներում: