Սպասվող ընտրապայքարում վարչապետ Նիկոլ Փաշինյանն և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անելիք չունեն, ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պետք է երկուսով հավաքվեն, իրար հետ հեռանան, հեռանան, արենան ազատեն», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը։
Ընտրողներն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հատկապես այս անգամ պետք է գնան երրորդ ճանապարհով․ - «Հայաստանը տեղում դոփելու իրավունք չունի՝ Փաշինյանի վերընտրումը դա է, և Հայաստանը ետ գնալու իրավունք էլ չունի։ Եվ մենք բերելու ենք համերաշխություն, և էն երրորդ ճանապարհը, ինչը որ երկար քննադատվում էր, հիմա բոլորն էլ գալիս, ինձ ասում են՝ «բայց դու ճիշտ էիր»։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կեղծ են քննարկումները, թե այս անգամ քաղաքացիները լայն ընտրություն չունեն, և հիմնական մրցակցությունը Փաշինյանի և Քոչարյանի միջև է։ «Կա Մարուքյան, կլինի հեսա ուրիշ ուժերի մասնակցություն։ Չկա նման բան, ի՞նչ է նշանակում՝ կա՛մ Քոչարյանն է, կա՛մ Նիկոլն է, մեր հայ ժողովուրդը էդքան աղքատ ընտրություն ունի՞։ Եվ մենք էդ դաշտում ենք, և էդ դաշտում ամենաշատ ընտրողը կլինի։ Ամենաշատ ընտրողը էսօր մերժում է և՛ գործող իշխանությանը, և՛ նախկինին», - վստահեցրեց ընդդիմադիր գործիչը։
Պատգամավորի համոզմամբ՝ նախկինների բևեռը սնում և ուռճացնում է ձախողված իշխանությունը, որ Փաշինյանը մատնացույց անելով անցյալը՝ կարողանա ձայներ կորզել։
Թող «Լուսավոր»-ը գնա երրորդ ճանապարհով, Էդմոն Մարուքյանը չէ որոշողը՝ ով լքի ընտրապայքարը, ընդդիմադիր պատգամավորին հակադարձում է իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Էդմոն Մարուքյանը չի կարող ինքը որոշել՝ ով պետք է հեռանա, որովհետև դա որոշելու է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ընտրությունների միջոցով», - հայտարարեց նա։
Հակոբյանը զարմանում է, որ Փաշինյանին են մեղադրում նախկին իշխանություններին մրցակից բևեռում դիրքավորելու հարցում։ Վստահ է՝ Քոչարյանը հաղթելու շանս չունի, իսկ պատերազմում պարտությունից ամիսներ անց ընտրապայքարի մեջ մտնող Փաշինյանն ունի․ - «Այո, ունի, դրա համար պետք է աշխատանք, դրա համար պետք է լավ քարոզարշավ, լավ ծրագիր»։
Էդմոն Մարուքյանը մարզերում բնակիչների հետ զրուցել ու այլ պատկեր է տեսել․ հիասթափված են իշխանությունից՝ մսխել են մարդկանց հույսերը։ «Խորը հիասթափություն՝ բոլոր տված հույսերը մսխելու և բոլոր շանսերը մսխելու առումով», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Հրաչյա Հակոբյանն էլ համոզված է՝ Քոչարյանին չեն ընտրի, քաղաքացիները չեն մոռացել նրա կառավարման տարիները։ «Այդ տարիների ընթացքում տեղի են ունեցել քաղաքական սպանություններ, այդ տարիներին տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», - ասաց իշխանական պատգամավորը։
«Մարտի 1»-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանին դատարանն օրեր առաջ արդարացրեց։ Նաև Հրաչյա Հակոբյանի քվեով ձևավորված Սահմանադրական դատարանն անվավեր էր ճանաչել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդվածը, որով մեղադրվում էին Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները։ «Ես չեմ ասում՝ Ռոբերտ Քոչարյանն է իրականացրել, ես չեմ ասում՝ ինքն է մեղավոր, ինքը պետք է դատապարտվի։ Չնայած դեռ դա ժամանակը ցույց կտա», - նշեց «Իմ քայլ»-ի պատգամավորը։
Փաշինյանի օրոք էլ պատերազմ ու պարտություն է եղել, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր ու վիրավորներ, քաղաքացիները սա չե՞ն հիշում, «Ազատության» հարցին Հրաչյա Հակոբյանն արձագանքեց․ - «Մենք ունենք մեր մեղքի բաժինը, բայց Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ունեն իրենց մեղքի մեծ բաժինը, որովհետև նրանք երկարաձգել էին այդ հարցը այնքան, որ մի օր պետք է տեղի ունենար այդ պատերազմը»։