Ռուսաստանի ՊՆ-ը պնդում է, որ Սիրիայի հյուսիսում 5 խաղաղ բնակիչ է զոհվել

Թուրքական բանակի զինծառայողներ Սիրիայում, արխիվ

«Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններից իրականացված հրետակոծությունների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է», - տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարվածների թիրախում է հայտնվել Հալեպի նահանգի Թել -Ռիֆաաթ բնակավայրը։

Ռուսական պաշտպանական գերատեսչության տեղեկություններով՝ վիրավորների թվում առնվազն երկու անչափահաս կա։

Ավելի վաղ Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը հաղորդել էր, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված թուրքական ստորաբաժանումները և Անկարայի աջակցությունը վայելող զինված խմբավորումները երեկ երեկոյան շուրջ 200 հրանոթային արկ և ական էին արձակել Թել-Ռիֆաաթ և Աֆրին քաղաքների մերձակա բնակավայրերի ուղղությամբ։