Պատերազմի օրերին իշխանությունները դիմել են ամերիկյան կողմին՝ հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ) գնելու համար, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ նշելով՝ ամերիկյան իշխանությունները համաձայնություն տվել են, սակայն վաճառքը տեղի չի ունեցել՝ ժամանակի հետ կապված։
Սարգսյանը պնդեց՝ այդ հնարավորությունը հիմա էլ կա ու Հայաստանը պիտի օգտվի դրանից։
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Սարգսյան, այլընտրանքը ո՞րն է, ի՞նչ եք մարդկանց առաջարկելու, Արևմո՞ւտք, որի շուրջ կա որոշակի հիասթափություն․ 44 օր այստեղ արյուն է հեղվել և գործուն միջամտություն չի եղել Արևմուտքից։
Արամ Սարգսյան․ - Հայաստանը նախ Արևմուտքի ռազմավարական գործընկերը չէր, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն էր։ Երբ որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանում Լավրովի ներկայությամբ փորձեցին զինադադարի թուղթ ստորագրել, որը ժամեր տևեց ընդամենը, Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան հայտարարություն արեց, ասաց՝ ինքը բոլոր պարագաներում Ադրբեջանի կողքին է և աջակցելու է նրան մինչև վերջ, և Ադրբեջանը հաջորդ օրն իսկ սկսեց գործընթացը։ Պուտինի էդ կոչերին, թե զինադադար և այլն, որ ուղիղ կապի մեջ է, ոչ մի բանի տեղ չդրեց։ Ռուսաստանն էդ ամբողջ պատերազմի ընաթցքում որևէ անգամ չասաց, որ ինքն ամբողջությամբ Հայաստանի կողքին է։ Բավարար էր այդպիսի մի խոսք ու Թուրքիան և Ադրբեջանը մտածելու բան էին ունենալու։
Ինքը, մեր ռազմավարական գործընկերը լինելով, ոչ մի քայլ չարեց, որ էդ պատերազմը դադարի, ու մենք էդ Ռուսաստանի հետ ենք, որը չունի տեխնոլոգիաներ, որի նախագահները 30 տարով նույնն են մնում, չկա ժողովրդավարություն, որը չունի ֆինանսական միջոցներ, ինքը ներդրումների խնդիր ունի, ու մենք ամբողջությամբ մեր հույսը կապում ենք էս Ռուսաստանի հետ։ Էստեղ մեզ ի՞նչ է սպասում։ Էստեղի մեր սպասելիքները շատ մշուշոտ են։ Հետևաբար մեր հայացքը մենք պետք է մի քիչ ավելի լայն դաշտի տանենք, և այստեղ է իմ առաջարկը, որովհետև ես, երբ ասում եմ Արևմուտք, ես չեմ ասում, որ Արևմուտքի ՆԱՏՕ-ական զինվորը, գալու է գնալու է Ղարաբաղ ու կռվելու է ադրբեջանական զինվորի դեմ, բացարձակ, ես ասում եմ՝ Արևմուտքում է, որ կան նոր տեխնոլոգիաները, էս պատերազմում մենք առաջին հերթին պարտվել ենք տեխնոլոգիաներին։ Մեր զինվորը ոգով ուժեղ է եղել, մեր գեներալը ճիշտ է աշխատել իր մոտեցումներով, մենք պարտվել ենք տեխնոլոգիաներին, մենք չենք հասկացել, թե էդ զենքի հետ ինչպես կռվենք։
Առայսօր իմ հանդիպած ցանկացած զինվորական ասում է՝ «փակում էիք օդը և մենք խնդիրը լուծում էինք»։ Օդը չենք կարողացել փակել, որովհետև ռուսական այդ տեխնիկան օդը չի փակում։ Ամերիկյան տեխնիկան, կան այդպիսի ռադիոլոկացիոն կայաններ, որոնք փակում են «Բայրաքթար»-ների ճանապարհը 100 տոկոսով, իսրայելականինը՝ 80 տոկոսով։ Այսինքն՝ մենք հնարավորություն պետք է ունենանք նման բան առնելու, որովհետև դա մեր անվտանգության համար մեկ խնդիրն է։ Մեր իշխանությունները դիմել են և ամերիկյան իշխանությունները համաձայնություն տվել են մեզ վաճառելու էդ, ուղղակի վաճառքը տեղի չի ունեցել՝ ժամանակի հետ կապված։
«Ազատություն»․ - Դա պատերազմի՞ օրերին։
Արամ Սարգսյան․ - Այո՛, պատերազմի օրերին դրանով զբաղվել են, նրանք համաձայնությունը տվել են։ Այն ժամանակ, երբ Զոհրաբ Մնացականյանը [ՀՀ նախկին արտգործնախարար] հանդիպեց Պոմպեոյի [ԱՄՆ պետքարտուղար] հետ, էդ ժամանակ արդեն համաձայնությունը կար։
«Ազատություն»․ - Դա հակաօդային պաշտպանության համակա՞րգ էր։
Արամ Սարգսյան․ - Հակաօդային պաշտպանության ամերիկյան համակարգ էր գնելու և դրա հնարավորությունը կար ու հիմա էլ կա, ու ես պնդում եմ, որ մեր իշխանությունը պիտի էդ հնարավորությունից օգտվի։ Ուզում է՝ հարգի Պուտինին, ուզում է՝ շատ սիրի, իր ժողովրդին պիտի ավելի շատ սիրի։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև