«Սիրտս ամեն ինչ իմանում էր». զոհված զինծառայողի մայրը որդուն գտնում է միայն երազներում

Մայրության օրվա առթիվ Դոնարա Բադասյանն էլ է զանգեր ստացել, ճիշտ է՝ առանց տոնական մաղթանքների։

«Ամեն ինչ արդեն մոռացել եմ։ Ոչ մի բան չեմ ուզում ․․․», - ասում է նա։

Տիկին Դոնարան երեք դուստր ու մեկ որդի է մեծացրել, որդու՝ հետախույզ Արմեն Բադասյանի զինծառայության բոլոր օրերի տագնապները նույնությամբ զգացել է կիլոմետրերի հեռավորության վրա։

Մոր սիրտ է, ասում է, տղայիս մահվան գիշերը ոչ մի րոպե չքնեցի։

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո է զոհվել հետախույզ Բադասյանը։ Մինչև այդ ծառայել էր պատերազմական Արցախի ամենատարբեր ուղղություններում։

«9-ի գիշերը զանգեցի, ասեցի՝ Արմեն, ասում են Շուշին արդեն տվել են։ Ասում ա՝ ինչ ես ասում մամ։ Ասում եմ՝ արի, մի կերպ փախի արի։ Ասում ա՝ մամ, ես փախչող տղա չեմ»։

Գիտեի, որ պատերազմն ավարտվել է, բայց չէի հանգստանում, ասում է մայրը․ - «Կամանդիրը տեսավ Արմենս չկա, հետևից գնաց։ Գնաց, հենց էդ անօդաչու սարքը նկարեց, ինքնաթիռը եկավ ռմբակոծեց, էլ տղայիս էրեսը չտեսա․․․ Համ կամանդիրը զոհվեց, համ ինքը»։

Որդու մահվան բոթն ստացել է արդեն հաջորդ օրը։

Ապրիլյան պատերազմի օրերին էլ, երբ որդին կրակի տակ էր, բերանը հաց դնել չէր կարողանում չորս օր։ Հետո, երբ տղան տուն եկավ, ասաց մի կտոր հաց չի կերել նույնքան օր։

Արմեն Բադասյանը հուղարկավորված է Եռաբլուրում, իսկ նրա ընտանիքը՝ կինը, երկու փոքրիկ տղաները, մայրն ու հայրը Խարբերդում են, ժամանակավոր տուն են գտել։

Բադասյանները Հադրութի Մեծ Թաղեր գյուղում էին ապրում։ Հավաքվեցին ու փախան կես ժամում․ - «Յոթ անց կես զանգեց, թե՝ մամա, մինչև կես ժամը դուրս եկեք։ Արմեն, ցավդ տանեմ, ես կես ժամում ի՞նչ վերցնեմ դուրս գամ․․․»

Սկզբում Խնձորեսկ, հետո Եղվարդ, հետո Լոռի․․․ ընտանիքը տարբեր տներ է փոխել մինչև Խարբերդ հասնելը։ Ողջ ունեցվածքը, ամեն ինչ թողել են Մեծ Թաղերում։

Զոհված որդու այրին՝ Ալվինան ընդամենը 24 տարեկան է։ Պատմում է․ - «Էս իրա շորերն ա, որ հագնում էր էնտեղ։ Ընկերները ամեն գալուց մի բան էին բերում»։

Ննջարանում, որտեղ քնում է սկսեսուրի ու փոքրիկներից մեկի հետ, ամուսնու հիշատակի անկյունն է։ Բոլոր նկարներում ժպտում է, միայն այս վերջինում, որ զինակիցներն են մեծացրել ու բերել, պատերազմի ծանրությունն է․ - «Սենց նկար չէինք տեսել մենք։ Միշտ ուրախ էր։

Ալվինան այս պատերազմում կորցրեց նաև 22-ամյա եղբորը, Արթուր Ասրյանի մարմինը հուղարկավորեցին Հադրութի Մոխրենես գյուղում։ Հետո գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մի կերպ՝ Կարմիր խաչի միջոցով, շիրիմը տեղափոխեցին Ստեփանակերտ, եղբայրական գերեզման։

18 տարեկանում ամուսնացած ու 24-ում այրիացած Ալվինան հիմա միայն մի բան է ուզում՝ մասնագիտություն ունենալ, որ երկու տղաներին լավ մայրություն անի։

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող գումարը՝ տասը միլիոն դրամ, Բադասյանները դեռ չեն ստացել։ Սպասում են ու մտածում, թե ինչպես տուն ստեղծեն Հայաստանում։ Արցախ վերադառնալ արդեն չեն ուզում, Եռաբլուրը այստեղ է։

Հեկտարներով հողեր, երեք տուն ու մեքենաններ Հին Թաղերում թողնելուց հետո տիկին Դոնարան հիմա փոքրիկ գործունեություն է ծավալում Խարբերդի տան տնամերձում։

Հարևանները շռայլ նվերներ են անում․ - «Էս հարևանս ա ծաղիկները տվել, դրել եմ։ Մյուս հարևանս ա էն օրը տվել, բալ ա»։

Հետո սուրճի սեղանի շուրջը ամուսնուն է դիմում՝ պետք է ուժ հավաքենք ու մեծացնենք էրեխեքին։ Երեխաների շարքում նաև տան փոքրիկ հարսն է ։

Տիկին Դոնարան ասում է, որ հիմա իր օրվա ամենասպասված ժամերը գիշերն են, երբ երազում որդուն է տեսնում։ Արթնանում ու երազում է հրաշքի մասին․․․