Փաշինյան-Պուտին հանդիպումը կարո՞ղ է տեղաշարժ մտցնել հայ գերիների վերադարձի հարցում. հնչում են տարբեր տեսակետներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մոսկովյան այսօրվա հանդիպումը կարող է տեղաշարժ մտցնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների ու այլ անձանց վերադարձի գործընթացում: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն ասում է՝ պատահական չէ, որ Հայաստանի վարչապետը ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ գերիների խնդրին։

Նրանց՝ հայրենիք վերադարձի առումով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան, Պուտինի հետ հրապարակային հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետը։

«Նա ընդամենը բարձրացրեց այն հարցերը, որ հույս ունի լուծել, այսինքն այն հարցերը, որոնք ընդգրկված էին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարությունում: Այսինքն՝ ակնկալիքը, որ այդ հարցը նա կբարձրացներ, մենք տեսանք», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Չնայած դրան, Բաղդասարյանն ընդգծում է՝ այս հարցում Ադրբեջանի վրա ազդելու՝ հայկական կողմի լծակները քիչ են, իսկ ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ պայմանավորված միմիայն սեփական շահերով։

«Կարծում եմ՝ ռուսներն այդ հարցով բանակցությունների, չեմ ուզում ասել՝ առևտրի, մեջ են Ադրբեջանի հետ, և եթե նրանք այդ ուղղությամբ ճնշուներ գործադրեն, դա անելու են ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ որպեսզի լրացուցիչ ինչ-որ բան պոկեն Ադրբեջանից: Այսինքն խնդիրը մեզանից չի կախված, ցավոք սրտի, խնդիրը կախված է նրանից, թե ինչ խնդիրներ կան Ռուսաստանի ու Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև», - ասաց Արմեն Բաղդասարյանը:

Բաղդասարյանի կարծիքով՝ հայկական կողմը գերիների վերադարձի հարցը փորձում է փոխկապակցել տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի հետ։ Ըստ քաղաքագետի, այդ մասին վարչապետի ակնարկն ուղիղ էր։

«Ուղիղ ակնարկ էր, իրենք իրար շատ լավ հասկացան, ուղղակի պիտի մենք ինքներս հասկանանք նաև, որ մեծ ակնկալիքներ պարտված կողմն ունենալ չի կարող և ընդամենը կարող է փորձել ստանալ այն, ինչը հնարավոր է: Կարծում եմ՝ եթե հայկական կողմը մի քիչ ավելի համառ գտնվի, ապա ռազմագերիների հարցը կարող է լուծել, որովհետև Ադրբեջանն ըստ էության այդ ռազմագերիներին պահում է որպես պատանդ՝ լուծելու համար մյուս հարցերը»,- նշեց քաղաքական մեկնաբանը:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ քիչ հավանական է համարում, թե Փաշինյան-Պուտին հերթական հանդիպումը կարող է ազդել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի լուծման վրա, չնայած նրան, որ այդ հարցը հայկական կողմի համար առաջնահերթություն է։

«Ես չեմ պատկերացնում՝ ինչպես այս հանդիպումը կարող է դրա վրա ազդել, հայկական կողմի մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, որ դա է մեր առաջնահերթությունը և որևէ այլ լուծում չենք պատկերացնում առանց այդ հիմնահարցի լուծման: Հիմա ինչի՞ համար պետք է հավելյալ անգամ հանդիպել, այդ թեման ևս մեկ անգամ բարձրաձայնել, որպեսզի Ռուսաստանը այսպես ասած ավելի մեծ ջանք գործադրի: Ռուսաստանը տեղյակ է այդ իրավիճակից, Ռուսաստանը շատ լավ տեղյակ է, որ դա մեզ համար առաջնահերթություն է, և ես չգիտեմ՝ ինչքանով է Ռուսաստանը փորձում այդ խնդիրը լուծել, ինչքանով է փորձում և չի ստացվում, թե չի էլ փորձում, որ չի ստացվում, բայց ես այդ հանդիպման հետ կապված որևէ փոփոխություն այդ հարցում չէի ակնկալի», - ասաց Քոչինյանը:

Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը շուրջ 200 է, առայսօր հայրենիք է վերադարձվել 69 գերի։