Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել ՄԱԿ ԳՔ տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ:
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության՝ ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվել են առաջիկայում կայանալիք Հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Արա Այվազյանն ու Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր են փոխանակել նաև COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման և համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ:
Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ: Կարևորվել է միջազգային կառույցների՝ տեղում անմիջական ներգրավվածությունը և գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: