Տեղահանված արցախցիների համար նախատեսված 300 հազարական դրամների ծրագիրը քրեական ուղղություն է ստանում

Մարդիկ հեռանում են Լեռնային Ղարաբաղից, արխիվ

Արցախի տարածքային կառավարման նախարարությունն է դատախազություն հաղորդում ներկայացրել, որ մի շարք համայնքապետեր կեղծ տվյալներ են ներառել շահառուների ցուցակներում. 300 հազարների ծրագրի օգտվում են տվյալ համայնքում առնվազն վերջին երեք ամիսը բնակված արցախցիները։

«Կան մարդիկ, որ հաշվառում ունեն, բայց չեն բնակվել։ Բայց իրանց գրել են, որ բնակվել են։ Ասենք, ինչ-որ մի կին ա, ինչ-որ գյուղից ա, բայց ր տարի ա ամուսնացած ա Ստեփանակերտում, համայնքի ղեկավարը ներառել ա», - ասում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Սմբատ Պետրոսյանը։

Կեղծիքների ծավալն այնքան մեծ էր, որ անտեսել չէր կարելի, հավելում է փոխնախարարը։

Դատախազությունում արդեն մի շարք քրեական գործեր են հարուցվել Շուշի Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ:

Համայնքապետերն իրենք քրեական գործերի և դրանցում իրենց մասնակցության մասին շատ տեղեկացված չէին։ Ավետարանոցի գյուղապետը կայքերում է կարդացել, որ պետությանը ավելի քան 83 միլիոն դրամի վնաս է պատճառել, ցուցակագրել վերջին երեք ամիսը գյուղում չբնակված 277 հոգու, ինչպես դատախազության հաղորդագրության մեջ է նշված՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով և ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված։

«Սուտ են ասում, հարյուր տոկոս սուտ են ասում։ Անձնական շահագրգռություն ոչ մի դեպքում չի եղել, ես էդ մարդկանց չեմ էլ տեսել։ Էդ մարդիկ էս պահին էլ երևի պատրաստ կլինեն․ թող իրանք էլ արձագանքեն», - «Ազատությանն» ասաց Ավետարանոց համայնքի նախկին ղեկավար Սևակ Բաղդասարյանը։

Նրա խոսքով, այդ 277 քաղաքացիների մեջ Աղդամում, Տիգրանակերտում աշխատող ավետարանոցցիներ են և ժամկետայիններ զինծառայողներ այս գյուղից, բոլորն էլ տուն-տեղ կորցրած մարդիկ․ - «Մեկը ժամկետային զինծառայող է, էս մեկը Ակնայում գյուղատնտեսությամբ էր զբաղվում․․․ Կային մարդիկ, որոնք նախքան ցուցակների հաստատումը օնլայն տարբերակով լրացրել են ու ստացել։ Ես նրանց ի՞նչ պետք է անեի»։

Տարածքային կառավարման փոխնախարի տպավորությամբ, համայնքապետերը իրազեկված էին թե կառավարության որոշումը ում է վերաբերվում, բայց խոստովանում է, որ ժամկետայինների մասով անհստակություն կար։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու կեղծիքի քրեական գործով Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն է անցնում։ Նա 7 հոգու է ցուցակում ներառել, իսկ նրանք շուշեցի չեն եղել, բայց 300 հազարը ստացել են։ Սարգսյանն ասում է, թե պետությանը մի կոպեկի վնաս էլ չի տվել, Շուշին գնացող եկող, վարձով ապրող ու զինվորականներով լի քաղաք էր , 6 հազար շահառուների մեջ 7 հոգի․․․ գուցե թյուրիմացությունն է․ - «Շահադիտական ոչ մի նշույլ չկա։ Եթե իմ բարեկամս էլ ա եղել, ասել եմ՝ չես ապրել, չես ստանում»։

Շուշիի քաղաքապետը շեշտում է՝ ծրագրի շահառուներին հատուկ հանձնաժողովով ենք հաստատել, որ գումարն ստանան միայն քաղաքի փաստացի բնակիչները։ Նա հույս ունի, որ քննության ընթացքում պարզ կդառնա, որ կեղծիքներ չկան։

700 բնակիչ ունեցող Տող համայնքի ղեկավարն էլ ցուցակում ներառել է 6-7 հոգու, որոնք, ըստ իրավապահների, համայնքի բնակիչ չեն։ Համայնքապետ Վարդան Գրիգորյանն ինքը հարցեր ունի․ - «Գորիսից մի հատ պատշար էկել ա, վերջին երեք ու կես ամսում բնակվել ա մեր գյուղում կամ հարևան գյուղում։ Պատ ա շարել, փողը աշխատել, գնացել։ Պիտի ընդգրկվի, սխալ որոշում ա»։

Գրիգորյանը կարծում է, որ վերջին երեք ամիսը բնակված լինելու պայմանը շատ անորոշ է։ Ես էլ 90 օր անընդմեջ գյուղում չեմ եղել, ասում է։

Ըստ Տողի գյուղապետի, թեմա է դարձել այն, որ ինքը ցուցակում ներառել է Տողում հաշվառված, բայց այլ վայրում ծառայության նշանակված զինծառայողների. – «Իրանք ծառայության մեջ են։ Ապրել են շաբաթ-կիրակի օրերը, իրանց արձակուրդի օրերը»։

Համայնքապետի կարծիքով, արդարացի է, որ այդ ծառայողները, որոնց տունը Տողում է, ստանան 300 հազարը, գումար, որ նախատեսված է ամեն ինչ կորցրած մարդկանց առաջին անհրաժեշտության հոգսերը հոգալու համար։

Փոխնախարար Պետրոսյանը նրանց 300 հազարների ցուցակում չէր ներառի․ - «Որտեղ որ ավելի շատ բնակվել ա, էդ համայնքի բնակիչ ա»։

Համայնքապետերից որևէ մեկին մեղադրանք դեռևս առաջադրված չէ, քննությունը շարունակվում է։ Բոլոր այս համայնքներն այժմ Ադրբեջանի հսկողության տակ են, իսկ համայնքապետերը՝ Հայաստանի ու Արցախի տարբեր հասցեներում։