Ընդդիմադիր ցուցարարները Մյանմայի (նախկին անվանումը Բուրմա) ամենախոշոր քաղաքում՝ Յանգոնում (նախկինում՝ Ռանգուն) այրում են Չինաստանի պետական դրոշները, քանի որ պաշտոնական Պեկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի վավերացրել Մյանմայում ռազմական հեղաշրջում իրականացրած խունտայի պարագլուխներին միանշանակ դատապարտող բանաձևը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Մյանմայի իրադարձությունների կապակցությամբ երկու բանաձև է ընդունել, սակայն Չինաստանը, Ռուսաստանը և Վիետնամը հավանություն չեն տվել բանաձևի այն պարբերությանը, որով պետք է դատապարտվեին ռազմական խունտայի լիդերները և տեղ գտներ դրույթ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:
Մյանմայում զայրացած ցուցարարներն այրում են նաև 2008 թվականին ընդունված սահմանադրության օրինակները:
Հեղաշրջումը փետրվարի 1-ին իրականացրած բանակը ձերբակալել է երկրի քաղաքացիական ղեկավարներին և մեկ տարով արտակարգ դրություն է հայտարարել:
Խունտայի դեմ բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել արյունալի բախումներ, զոհվել է շուրջ 600 մարդ: