Իշխանության ձախողումն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» շատ անդամներ ճաղերի հետևում չեն. Սանասարյան

Իշխանության ձախողումն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» շատ անդամներ ճաղերի հետևում չեն, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության կամ շուտով ստեղծվելիք կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դո՞ւք եք ղեկավարելու կուսակցությունը:

Սանասարյան. - Համագումարը կորոշի: Կուսակցության ներսում պետք է ժողովրդավարություն լինի:

«Ազատություն». - Կա՞ն հանրությանը հայտնի անուններ կուսակցության շարքերում:

Սանասարյան. - Կարծում եմ՝ հանրությունը կտեսնի ապրիլի 23-ին համագումարի ժամանակ: Ես կարող եմ ասել, որ մարդիկ են, ովքեր լուրջ մասնակցություն են ունեցել և՛ ապրիլյանին, և՛ 44-օրյա պատերազմին:

«Ազատություն». - Իսկ նախկին իշխանությանը անդամակցած մարդիկ կա՞ն:

Սանասարյան. - Բնականաբար, ոչ: Մարդիկ են, ովքեր նաև ոլորտների լավ մասնագետներ են, լավ կրթություն են ստացել աշխարհահռչակ բուհերում և այլն:

«Ազատություն». - Ապրիլի 23-ը հատո՞ւկ եք ընտրել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:

Սանասարյան. - Բնականաբար, այդ խորհրդանշական օրը:

«Ազատություն». - Ի՞նչ է խորհրդանշում:

Սանասարյան. - Խորհրդանշում է ժողովրդի հաղթանակը, որ երկար տարիներ ժողովուրդը նման հանցավոր ռեժիմների նկատմամբ չէր կարողացել ընտրություններով հասնել հաջողության:

«Ազատություն». - Այսինքն՝ որքան էլ այս իշխանության հետ տարաձայնություններ լինեն, այնուամենայնիվ, կարծում եք, որ հեղափոխության օրակարգը դեռ ուժի մե՞ջ է:

Սանասարյան. - Ուժի մեջ է, տարաձայնությունները հենց նրանում են կայանում, որ այս իշխանությունները հեղափոխության օրակարգը չեն կարողանում առաջ տանել. կա՛մ դանդաղ են առաջ տանում, կա՛մ ասում են մի բա և իրենց ասածը չեն անում: Մեր քաղաքացիները մեզ պատգամել էին, որպեսզի հենց այդ օրակարգն առաջ տանեինք:

«Ազատություն». - Դուք ամենայն հավանականությամբ ընտրություններին այդ օրակարգը կներկայացնեք, բայց բացառված չէ, որ և ավելի շուտ պարզ է, որ Փաշինյանը ասելու է, որ «ես չեմ հրաժարվել այդ օրակարգից, առաջիկա ընտրություններին խոստանալու է դրանք»:

Սանասարյան. - Փաշինյանը վաղուց արդեն սկսել է քարոզարշավը, որպես վարչապետ է ներկայանում համայնքներում, բայց դա ես համարում եմ քարոզարշավի մեկնարկ, և ինքն է քաղաքացիներից ներողություն խնդրում, որ չեն կարողացել անել այն փոփոխությունները, որոնց մասին խոսել են: Ես կարծում եմ՝ քաղաքացիները պետք է որոշեն՝ եթե մի քաղաքական ուժ կամ մարդ, ով վարչապետ է եղել, ասել է ու չի արել ու ներողություն է խնդրում, նորից շանս պետք է տան, թե ոչ: Ես կարծում եմ՝ շանս պետք է չտան և՛ իրեն, և՛ այդ ուժին, և՛ նախկիններին, ովքեր որ պետական կառավարման մեջ շանս են ունեցել և աշխատել են, գործել են պետության դեմ:

«Ազատություն». - Այդ անգործությունը դուք կմեկնաբանեիք անկարողությամբ կամ գուցե ցանկության բացակայությա՞մբ:

Սանասարյան. - Ես կարծում եմ՝ անկարողության հարց է: Տարբեր առիթներով իրենք նշել են, որ համակարգն է դիմադրում, կադրային քաղաքականությունը կարող եմ նշել:

«Ազատություն». - Որ համակարգը դիմադրում է, սխա՞լ են ասում:

Սանասարյան. - Այսինքն եկել եք իշխանության, այնպես արեք, որ համակարգը չդիմադրի, եթե չեք կարողանում, տեղը զիջեք, ուրիշ բանով զբաղվեք, ի՞նչ է նշանակում համակարգ դիմադրում է:

«Ազատություն». - Նախընտրական դաշինք կազմելո՞ւ եք:

Սանասարյան. - Առհասարակ նման որևիցե քննարկում չունենք, մենք հիմա մտածում ենք, թե ինչպես ենք անելու, որ քաղաքական ուժը կայան և մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրությանը:

«Ազատություն». - Ձեզ կանվանեի՞ք ոչ մի թիզական:

Սանասարյան. - Ես այդ գաղափարի կրողն եմ, եղել եմ և մնում եմ: Ես կարծում եմ, որ մենք ունեցանք այս արդյունքը ոչ թե նրա համար, որ մենք ունեինք ոչ մի թիզական գաղափարի կրող իշխանություններ իրար հաջորդած, այլ ընդհակառակը՝ 94 թվականից հետո մեր իշխանությունները, մենք բոլորս սխալ ենք ապրել, փոխարենը հզորացնեինք պետությունը, բանակը տնտեսությունը, ամեն ինչ արել ենք, որ մեր պետությունը թուլանա:

«Ազատություն». - Եվ պատերազմով հաղթեինք, բայց չզիջեինք տարածքներ:

Սանասարյան. - Դե նաև կարող էր պատերազմ չլինել: Եթե մենք հզորանայինք, բնականաբար, թշնամին որևիցե ձևով չէր համարձակվելու գալ պատերազմի: Բայց ժողովրդի լեզվով ասած մեր ատամները հաշվեցին, հասկացան, որ հնարավոր է մեզ հաղթել:

«Ազատություն». - Ընդդիմադիր բևեռը, որ փողոցում հանրահավաքներ է անում՝ «Հայրենիքի փրկության շարժումը», դուք նաև անվանել էիք՝ Փաշինյանի փրկության ճակատ, այնուամենայնիվ, քիչ թե շատ աջակիցներ ունեն:

Սանասարյան. - Մինչև 10 հազար աջակցություն, այն էլ շատ այսպես կասկածելի ձևով հավաքված հանրահավաքի արդյունքում, չպետք է իրենք վարչապետ նշանակեն:

«Ազատություն». - Դա ռևանշի փո՞րձ է:

Սանասարյան. - Ռևանշի փորձ է: Առհասարակ այդ փորձը պետք է չկարողանային անել: այսինքն այդ շարժման շատ անդամներ պետք է վաղուց լինեին ճաղերի այն կողմը, ոչ միայն չվերականգնեցին իրենց թալանածը, այլ նաև հայտ են ներկայացնում, որ նորից իշխանության գան: Դա այսօրվա իշխանության գլխավոր ձախողումներից մեկն է:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.