Նախագահը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է՝ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, հայտնում է նախագահի աշխատակազմը:

Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրավիճակն իր ղեկավարած ոլորտներում և իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման տեսլականն ու ծրագրերը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ նախարարությունը համակարգում է մեր երկրի ապագայի համար կարևորագույն նշանակության ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է և ինքնին հսկայական աշխատանք է պահանջում: Նախագահն ընդգծել է, որ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի, որոնք բացառապես պետք է միտված լինեն կառավարման արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին: