Ըստ Սամսոնյանի՝ նոր ԸՕ-ն կազմել են տեսաբանները, Կարապետյանը հակադարձում է

Մարդիկ, ովքեր կուսակցական չեն, ովքեր կուսակցություն չեն ղեկավարել, ընտրություններ չեն կազմակերպել, այսօր Ընտրական օրենսգիրք են պարտադրում՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ ընդգծելով՝ տեսաբանները չպետք է անտեսեն պրակտիկ աշխատանք կատարողներին։

Սամսոնյանի համոզմամբ՝ նոր Ընտրական օրենսգիրքը պաշտպանում էին մարդիկ, ովքեր այս երեք տարիների ընթացքում իրենց պատգամավորական գործունեությամբ չեն վաստակել հեղինակություն, և Փաշինյանը քարոզարշավ կանի, նրանք կընտրվեն։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հակադարձում է՝ Ընտրական օրենսգրքի վրա աշխատած մարդիկ տեսաբաններ չեն, նրանք պատգամավորներ են, դիտորդական տարբեր առաքելությունների կազմակերպման աշխատանքով զբաղված քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից, «ձեր ուժը նույնպես մասնակցել է քննարկումներին»։

Բանավեճից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Անի Սամսոնյան․ - Եթե Դուք ուշադիր լինեիք Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական քննարկումներին, այդ օրենսգիրքն Ազգային ժողովի ամբիոնից պաշտպանում էին այն մարդիկ, ովքեր ռեյտինգային պատգամավոր չեն կարող լինել, ովքեր այս երեք տարիների ընթացքում իրենց պատգամավորական գործունեությամբ չեն վաստակել այնքան հեղինակություն և այնքան հնարավորություն, որպեսզի գնան, կանգնեն ընտրողի առջև, քաղաքացու առջև և ասեն, որ՝ «ես կարող եմ շարունակել լինել ձեր պատգամավորը»։ Պարզապես այս մարդկանց համար կոմֆորտ է, որպեսզի մեկ հոգի, իր դեմքով, Նիկոլ Փաշինյանը, որն ունի իր ինչ-որ չափով հեղինակությունը ու նաև Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ քանի որ հնարավորություն ունի իր անվտանգության աշխատակիցներով շրջել, այսինքն՝ անվտանգության խնդիր չունի, հետևաբար նաև մեծ հնարավորություններ ունի քարոզարշավ անելու, և Փաշինյանը քարոզարշավ կանի, էս մարդիկ ցուցակներով կդառնան պատգամավոր, ինչ է եղել որ, բոլոր խնդիրները մեկ Ընտրական օրենսգրքով լուծեցին՝ վնաս հասցնելով մեր մասնակցային ժողովրդավարությանը։

Նաև մի բան էլ՝ ինձ համար զարմանալի է, որ իշխող մեծամասնության պատգամավորները չեն տարբերում համայնքը և համայանքի կառավարումը պետության խորհրդարանից և անընդհատ ասում են՝ «դուք մեզ հետ աշխատեցիք, որ 4 հազար և ավել համայնքներում ընտրությունները լինեն համամասնական կարգով», բայց մենք խոսում ենք ամբողջ երկրի խորհրդարանից, պետության խորհրդարան, որտեղ պետք է լինեն, թե՛ Երևանից, և թե՛ բոլոր մարզերից։ Բայց այս ընտրակարգը այլևս հնարավորություն չի տալու, որպեսզի բավարար մասնակցություն ունենան մարզային պատգամավորները։

«Ազատություն»․ - Տիկին Կարապետյան, ճի՞շտ է ասում տիկին Սամոսոնյանը, դուք, օրինակ, ձեր ցուցակում ինչպիսի՞ ներկայացուցչություն ունեք մարզերից։

Մարիա Կարապետյան․ - Միանշանակ համաձայն չեմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ շահագրգռված է իր ցուցակում ներառել նաև մարդկանց, ովքեր կգնան մարզեր, կաշխատեն մարզերում, և նաև այս մարգարեությունը, թե քարոզարշավն ինչպես է իրականանալու, կապրենք կտեսնենք, թե ինչպես է լինելու։ Մեզ նախորդիվ մեղադրում էին ընտրություններ անցկացնելու ցանկության բացակայության մեջ, մտածում էին, որ ինչ-որ պատրվակ կգտնենք ընտրություններ չանելու համար, հիմա էլ մեղադրում են, որ քարոզարշավն ենք հարմարեցրել մեր քիմքին, կապրենք կտեսնենք և այս պնդումների հերքումն իրականությունը ցույց կտա, իսկ ներկայացվածությունն ապահովում են քաղաքական ուժերը, նրանք շահագրգռված պետք է լինեն՝ ունենալ բավականաչափ ներկայացվածություն, որպեսզի ապահովեն տարբեր ընտրատարածքներից իրենց ձայները, բայց նաև ինձ համար, կրկնում եմ, թե որն է ավելի լավ, արդեն վաղուց փակված խոսացություն է եղել, խոսակցությունը միայն եղել է այն մասին, թե երբ ենք այդ փոփոխությունը կատարելու և ընդ որում տիկին Սամսոնյան, երբ ասում եք՝«այս մարդիկ», մի քիչ անհասկանալի է, թե ում նկատի ունեք Համազասպ Դանիելյանի՞ն, ով տարիներ շարունակ զբաղվել է նման բարեփոխումների իրականացմամբ․․․

Անի Սամսոնյան․ - Այո՛, Համազասպ Դանիելյանը փորձագգետ է, որը չի հասկանում կուսակցական և քաղաքական գործերից, ես ձեզ կարող եմ դա հստակ ասել։

Մարիա Կարապետյան․ - Դուք չարաչար սխալվում եք պարոն Դանիելյանի մասնագիտական, կամ քաղաքական ունակությունների մասին Ձեր գնահատականներում։

Անի Սամսոնյան․ - Մարդիկ, ովքեր կուսակցական չեն, մարդիկ, ովքեր կուսակցություն չեն ղեկավարել, չգիտեն, դա ինչպես է լինում, մարդիկ ովքեր ընտրություններ չեն կազմակերպել, այդ մարդիկ այսօր Ընտրական օրենսգիրք են մեզ պարտադրում։

Մարիա Կարապետյան․ - Փաստորեն միայն կուսակցություններ ղեկավարողները միայն կարող են միայն Ընտրական օրենսգիրք փոխել, պատգամավորները՝ չէ և հետո Դուք եք խոսում ինչ-որ էլիտար և ոչ էլիտար մարդիկ կան, Ձեր խոսույթի մեջ է դա երևում, որ փաստորեն կուսակցության ղեկավարները պետք է կազմեին օրենսգիրքը։

Անի Սամսոնյան․ - Խոսքը էլիտարի և ոչ էլիտարի մասին չէ, խոսքը նրա մասին է, որ տեսաբանները չպետք է անտեսեն պրակտիկ աշխատանք կատարողներին։

Մարիա Կարապետյան․ - Ընտրական օրենսգրքի վրա աշխատած մարդիկ տեսաբաններ չեն, նրանք պատգամավորներ են, դիտորդական տարբեր առաքելությունների կազմակերպման աշխատանքով զբաղված քաղհասարակության ներկայացուցիչներ են, քաղաքական գործիչներ են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից, ձեր ուժը նույնպես մասնակցել է քննարկումներին և ընդ որում ասեմ այդ քննարկումներն այնքան երկար են տևել, որ մեզ նաև մեղադրում են, թե ինչու է այսքան ուշացած այս փոփոխությունը։ Շատ մասնակցային քննարկված, մանրամասն կատարված աշխատանք է, որտեղ, այո, ամեն մարդ կամ իր պրակտիկ փորձառությունն է բերել, կամ փորձագիտական փորձառությունը ինչպես ասաց ներառկյալ դիտորդական առաքելություններ իրականացրած քաղհասարակության ներկայացուցիչները և այլ մասնագետներ։ Հնարավոր բոլոր դիտանկյունները ներառված են եղել քաղաքական, գործնական, տեսական, քաղաքագիտական․․․

Անի Սամսոնյան․ - Ես վստահեցնում եմ՝ գործնականը ներառված չի եղել, հակառակ դեպքում մենք չէինք ունենա նման վատ օրենսգրքի փոփոխություն, էլ մնացած փոփոխություների մասին չեմ ասում, որը դեռ առջևում է, երևի թե կբերեք։

Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․