Որոշ քովիդ վարակակիրների հարազատներ ահազանգում են՝ իրենցից պահանջում են խնամել հիվանդին, ոլորտի մասնագետը բացառում է

«Նորք ինֆեկցիոն»-ի մուտքի մոտ ներկայանալ չցանկացող կինը անելանելի վիճակում էր, ասում է՝ 81-ամյա հայրը քովիդով պառկած է այնտեղ, բուժանձնակազմը պահանջում է խնամող բերել: Կինն արդարանում էր՝ «հորս համար ամեն ինչ կանեմ, բայց քովիդ զոննա ինչպե՞ս մտնեմ ու վարակն էլ հետո տուն տանեմ»:

«Տանը փոքր երեխաներ ունենք, ես առողջական խնդիրներ ունեմ, ամուսինս ստենտավորված է, ես իմ ծնողից հո չեմ հրաժարվում, իմ պարտքն է դա, բայց ո՞նց կարամ ես էդ ամեն ինչը թողնեմ, գամ պապային ստեղ նայեմ», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Հայրն, ասում է, շատ ծանր հիվանդ չէ՝ ոտքի վրա է, ուղղակի մի կարճ փուլում ներարկումներից որոշ հետևանքներ են եղել, ենթադրում է՝ այդ պատճառով են խնամող պահանջում: Բուժքույրեր չկա՞ն, անհույս հարցնում է կինը։

«Ազատությունը» վերջին օրերին էլ մի քանի ահազանգեր էր ստացել՝ որ «Ինֆեկցիոնում» բուժվող քովիդ վարակակիրների հարազատներից պահանջում են գնալ ու վարակակիրների գոտում խնամել իրենց հարազատին։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը բացառում է, որ նման պահանջ եղած լինի, առաջարկ հնարավոր է. «Պարտադրանք չի կարող լինել, դա բացառվում է: Կա հարազատ, որ 10 րոպեն մեկ զանգում է, հարցնում իր հիվանդի որպիսության մասին, դա ավելորդ ծանրաբեռնվածություն է, մեր բուժանձնակազմը պետք է գործը թողնի սաղ օրը հեռախոսով խոսա, մի հիվանդի համար զանգում է 10 հարազատ, ու բոլորին պետք է ասես նույն բանը: Երբ որ իրավիճակը նմանատիպ է ստեղծվում, ավելի հեշտ է՝ իր կողքը լինի խնամող, եթե անհանգիստ եք, մտահոգված եք, մենք այդ խնդիրը չենք տեսնում»:​

Աշոտ Սարգսյանը բացատրում է՝ կան հիվանդներ, որ այս վարակից շատ են վախենում և ուզում են Ինֆեկցիոնում էլ իրենց զգալ ինչպես տանը, հարազատի հետ. «Ինչ-ինչ պատճառներից ելնելով, եթե կարիքը կա, արդեն իր հարազատին խնդրում ենք, բաժնի վարիչի միջոցով կապվում ենք, թույլ ենք տալիս՝ գա, խնամի»:​

Ինֆեկցիոն փակ հաստատությունում բուժվող քովիդ վարակակիրը մի՞թե չգիտի, որ վարակը կարող է իր հարազատին փոխանցել, ի՞նչ գործ ունեն կորոնա-կարմիր գոտում հարազատները, խնամողների ներկայությունը Ինֆեկցիոնում շարունակում է արտառոց թվալ, բայց Աշոտ Սարգսյանը դարձյալ բացատրում է՝ կան դեպքեր՝ անհրաժեշտ է, այնպես չէ, որ իրենք վարակակրի քմահաճույքներն են բավարարում:

«Մի տղամարդ ասում է՝ իմ կնոջը բերեք թող ինձ խնամի, ես ամբողջ կյանքս իմ համար կոֆե դրած չկամ, օրինակ, հիմա էդ մարդը տենց ա սովոր ապրի, ու ինքը ուզում է նույն կոնֆորտը ունենա, բայց նման դեպքերում մենք ուզենք էլ չենք կարող [թույլ տալ]: Կա մարդ, որ ունի խնամքի կարիք, ասենք, տարեց է, անշարժ է ու իր համաձայնությամբ խնամողի ծնողի կամ զավակի խնամքը թույլ է տրվում որոշ դեպքերում, եթե դրա անհրաժեշտությունը կա»:​

Ինֆեկցիոն կենտրոնը մուտքից էլ է երևում՝ աշխատում է շատ բարդ ռեժիմում, ամեն րոպե ներս ու դուրս են անում շտապօգնության մեքենաները, հարազատները բակում անհրաժեշտ իրեր են փոխանցում, ամեն ինչ կորոնավիրուսային վարակի պիկի պես է: Գուցե բուժանձնակազմի, բուժքույրերի պակաս կա՞, փոխտնօրենը պատասխանում է՝ չկա. «Բուժանձնակազմի խնդիր չունենք, ու ցանկացած պահի կարող ենք ծավալվել, նախարարությունն էլ միշտ աջակցում է այդ հարցում»​:

Սարգսյանը պնդում է՝ ամեն ինչ անում են, որ Ինֆեկցիոնում հարազատին խնամողները վարակի տարածման աղբյուր չդառնան, նրանց մեկանգամյա օգտագործման հագուստ են տալիս։

Առողջապահության նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք, ասացին՝ չեն խրախուսում խնամակալների առկայությունը բուժկենտրոններում, դեպքերով կզբաղվեն։