Վարչապետի փաստաբանը պնդում է, թե առկա է Օնիկ Գասպարյանին պաշտոնում վերականգնելու անհնարինություն

Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի դատական նիստում այսօր վարչապետի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սարուխանյանը միջնորդեց վերացնել Օնիկ Գասպարյանի՝ որպես Գլխավոր շտաբի պետ մնալու դատարանի նախորդ որոշումը: Սարուխանյանը հիմնավորեց, թե սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի վերանայման հնարավորություն։

Ավելին, ըստ փաստաբանի, Գասպարյանին պաշտոնում վերականգնելու հնարավորություն չկա․ - «Եթե առկա է պաշտոնում վերականգնման անհնարինություն, ապա հարց է ծագում, թե ինչի՞ կատարումն է ապահովվելու։ Հետևաբար, քանի որ առկա չէ կատարումը ենթադրող դատական ակտ․․․ նշված հայցի ապահովման միջոցը չի կարող քննարկվել։ Անդրադառնալով դատարանի արձանագրմանը, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր չի լինի այս հայցի ապահովման միջոցի կիրառման արդյունքում, գտնում ենք, որ նշված փաստարկը հիմնավորված չէ, եթե հաշվի առնենք հայցատեսակի էությունը՝ ճանաչման հայցը»։

Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանն առարկեց վարչապետի ներկայացուցչի միջնորդությանը։ Վերջինս պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներն անհիմն է համարում, հակադարձում է, թե սահմանադիրը նախատեսել է ցանկացած ակտի բողոքարկում․ - «Այսքանով մենք տեսնում ենք, որ անկախ նրանից, որ նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, չի նշանակվել Գլխավոր շտաբի պետ կամ ինչ ա եղել գործընթացում, սույն հայցի ապահովման միջոցը պետք է լինի, որովհետև դատական գործընթացը կարող է բավականին երկար տևել։ Եվ մենք ակնկալում ենք, որ սեղմ ժամկետներում դատարանի որոշումը կկատարվի»։

Իսկ թե ի՞նչ որոշում կընդունի դատարանն վարչապետի փաստաբանի ներկացրած միջնորդությունից հետո, կողմերը գրավոր կտեղեկանան։ Թե ե՞րբ՝ հայտնի չէ։

Դատարանի նախորդ որոշումը չկատարելու հիմքով հայցվոր կողմն արդեն դիմել է Գլխավոր դատախազություն, որ քրեական գործ հարուցվի, հայտնեց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով, դատարանի որոշումից հետո Օնիկ Գասպարյանը մի քանի անգամ Գլխավոր շտաբ է գնացել՝ աշխատանքի, սակայն գործառույթներն իրականացնելու հնարավորություն չի ունեցել․ - «Կարաս գնաս էնտեղ, ասես՝ ես Գլխավոր շտաբի պետն եմ, հեսա որոշումս։ Բայց եթե դու չունես հնարավորություն գործեր մակագրելու տեսակետից, որոշումներ ընդունելու տեսակետից, դրանք հրապարակելու․․․ ֆիզիկապես ուղղակի։ Դա խնդիրներ է առաջացրել»։

Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, այսօր Եռաբլուրում հայտարարեց Զինված ուժերի նորանշանակ ղեկավար Արտակ Դավթյանը։ Վերջինս անդրադարձավ նաև դատարանի որոշմանը, որի համաձայն Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ է․ - «Դատարանի որոշումը և մեկնաբանությունը իրավաբանների գործն է, որոնք, յուրաքանչյուրն իր տեսակետից, կատարում են մեկնաբանություն»։

Հարցին, թե ինչպես է աշխատում զինվորականների հետ, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Դավթյանն արձագանքեց․ - «Շատ լավ եմ աշխատում, որովհետև որևէ խնդիր չկա, և կոլեկտիվը կատարում է էն խնդիրները, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»։

Գասպարյանը հեռացվեց իր և շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։

Հարցը, թե արդյոք զինվորականների այդ հայտարարությունը քաղաքական էր, թե ոչ, Արտակ Դավթյանը նախընտրեց առանց մեկնաբանության թողնել։