«Ապրիլյանից, եթե դասեր քաղած չլինեինք, կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը». Արտակ Դավթյան

«Ապրիլյանից, եթե դասեր քաղած չլինեինք, այս 44-օրվա հերոսամարտն այլ ելք կունենար, այլ ժամկետների ընթացքում», - այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Զինված ուժերի գլխավոր շտապի նորանշանակ պետ Արտակ Դավթյանը։

Նա պարզաբանեց՝ կարող էին ամբողջությամբ կորցնել Արցախը և դա կարող էր արվել 15 կամ 20 օրվա ընթացքում։

Անդրադառնալով Գլխավոր շտաբում տիրող մթնոլորտին՝ Դավթյանն ընդգծեց՝ Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։

Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում այն զինվորականների հետ, ովքեր միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին, Դավթյանը պատասխանեց․ - «Խնդիր չկա, շատ լավ եմ աշխատում, կոլեկտիվն աշխատում է և կատարում է խնդիրները, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»։

ԳՇ պետը նաև խոսեց տարածաշրջանում տիրող իրավիճակից՝ նշելով իրավիճակը բավական լարված է․ - «Սահմաններում հարաբերական կայունություն է, միջադեպեր որպես այդպիսին չեն կիրառվում, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է և դա ազդեցություն է ունենում և՛ սահմանային ծառայության, և՛ ընդհանուր նաև մեր առօրյա կյանքի վրա»