Այսօր Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները

ԱՊՀ-ի և անդամ երկրների դրոշները, արխիվ

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները այսօր Մոսկվայում կքննարկեն կազմակերպության ներսում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:

Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2020 թվականի դեկտեմբերին՝ տեսակապի միջոցով: Այս անգամ պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մի շարք փաստաթղթերի նախագծեր ընդունելու համար, որոնք մայիսի 28-ին կներկայացվեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, և հոկտեմբերի 15-ին՝ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը և գագաթնաժողովը կանցկացվեն Մինսկում:

ԱՊՀ-ն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Հիշեցնենք՝ ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, ով երեկ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։