Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ Ուկրաինայի համար։
«Մոսկվայում հույս ունեն, որ դրսի ուժերը Ուկրաինային չեն դրդի Դոնբասում թեժ հակամարտության սանձազերծման, քանի որ դա կարող է հանգեցնել այդ երկրի փլուզմանը», - ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Լավրովի խոսքով՝ «[ուկրաինացի] զինվորականների մեծամասնությունը հասկանում է թեժ հակամարտության հրահրման աղետալի բնույթը»։ «Հուսով եմ, որ նրանց [ռազմական գործողությունների վերսկսման] չեն դրդի քաղաքական գործիչները, որոնց էլ, իրենց հերթին, չի հրահրի Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։