Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Հայաստանի մյուս թանգարանների հետ միասին շուրջ մեկ տարի դիմակայեց համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած բարդություններին:
Այդ ժամանակահատվածը թանգարանների համար լուրջ փորձառություն էր հանրության հետ շփման նոր ուղիներ գտնելու համար, «Ազատության» հետ զրույցում շեշտում էր թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Թանգարանի աշխատակիցներն այսօր ևս շարունակում են կիրառել այդ փորձառությունը․ - «Խոսքը սոցիալական հարթակներում թանգարանին կամ գրողին ներկայացնելու տրամաբանությունն է։ Արդեն խստությունների թեթևացումից հետո մենք կարողանում ենք ընդունել այցելուների և թանգարանի տարածքում իրականացնել և՛ բուն էքսկուրսիոն ծառայություններ, և՛ որոշակի կրթական ծրագրեր և միջոցառումներ»։
Երկու տարի առաջ ազգովի նշեցինք Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց բանաստեղծին նվիրված ամենտարբեր իրադարձություններով: Բնականաբար շատ մեծ էին հենց թանգարանի գործունեությունն ու նախաձեռնություններն այդ տարի։
Իսկ այս տարի, ինչպես ընդգծում է թանգարանի տնօրենը, ուղենշային երկու ծրագիր ունեն, որոնցից մեկն արդեն մեկնարկել է: Խոսքը բանաստեղծի տիկնոջ՝ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի մասին է, որը լրանում է այս տարեվերջին՝ դեկտեմբեր ամսին․ - «Մեր օրերում շատ խորհրդանշական կերպար է իր տեսակի մեջ, որպես շատ դառնություններ տեսած հայ կնոջ, հայ մոր տեսակ։ Եվ մենք ուզում ենք, որ շատ-շատ մայրեր, որոնք, ցավոք սրտի, այսօր իրենց ծանր կորուստներն են սգում, իրենց աչքի առաջ ունենան տիկին Օլգային, որպես իրենց մխիթարող կամ իրենց ուժ ներշնչող տեսակ։ Մի կին, որը իր չորս որդու կորուստը տեսավ, դաժան կորուստը։ Բայց նաև գիտակցելով, թե առհասարակ հայ ընտանիքում ինչքան կարևոր է մոր դերը, որևէ վայրկյան չթուլացավ, ամուր պահեց իրեն, ամուր պահեց և իր ընտանիքը և հատկապես հայտնի ամուսնուն, մեծ բանաստեղծի ժառանգությունը հայ ազգին պատշաճ փոխանցելու ծանր աշխատանքը, որ կազմակերպեց»։
Պակաս ուշագրավ չէ նաև այս տարի թանգարանի նախաձեռնությամբ իրականացվելիք մյուս ծրագիրը, որը կրկին հոբելյանական է և կրկին կապված է ոչ միայն անձամբ Հովհաննես Թումանյանի հետ, այլ նաև մեր օրերի, մեր իրականության հետ․ - «Հայաստանի օգնության կոմիտեի հիմնադրման 100-ամյակն է։ Ուղիղ 100 տարի առաջ՝ 1921 թվականին, երբ ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, այդ շրջանում Երևանում հիմնադրվեց Հայաստանի օգնության կոմիտեն, և հիմնադիր նախագահը եղավ Հովհաննես Թումանյանը։ Այս կոմիտեն ճիշտ ակունքներից եկող այն միությունն էր, որը հիմք դրեց Հայաստան և Սփյուռք աշխատանքին, համագործակցությանը։ Կարծում եմ, մեր օրերում դա շատ սուր ընդգծված խնդիր է, և մենք հարյուր տարվա հեռավորությունից պիտի փորձենք դասեր քաղել՝ հասկանալու, թե ինչ նրբությամբ, ինչ հոգատարությամբ, ինչ մեծ ջանքերով պիտի աշխատենք մենք այս ուղղությամբ այդ կապերը ամուր պահելու համար։ Եվ պիտի բերենք օրինակը այն օրերի մեր մեծերի, մեր դիվանագետների, մշակութային գործիչների, որոնք էդ ջանքը գործադրել էին և ստեղծել էին մի մեծ պատմական շղթա»։
Խոսելով թանգարանի հրատարակչական գործունեության մասին՝ Անի Եղիազարյանն ասաց․ - «Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, իրականացրեցինք երկու գրքի շնորհանդես՝ Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի չորրորդ հատորը և «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկրորդ հատորը՝ լրամշակված։ Թումանյանի մասին նոր էջեր բացող երկու գիրք։ Հիմա արդեն մեկնարկել են երկերի լիակատար ժողովածուի հինգերորդ հատորի աշխատանքները։ Եվ, քանի որ հոբելյանական տարի է Օլգա Թումանյանի համար, թանգարանը հրատարակության է պատրաստում պատկերագիրք-հատորյակ նվիրված տիկին Օլգային։ Հսկայական նյութեր կան պահպանված, հատկապես կարևոր բաժինը նամակագրությունն է, որ ունեցել է տիկին Օլգան և՛ ամուսնու հետ, և՛ ընտանիքի անդամների, իր զավակների հետ, և՛ իր ժամանակի մտավորական միջավայրի հետ։ Նամակների զգալի մասը անտիպ են, որոնք պահպանվում են Թումանյանի թանգարանի արխիվում, դրանք ուսումնասիրվել և ֆոնդավորվել են։ Հիմա արդեն ժամանակն է դրանք տպագրության պատրաստելու։ Եվ տարեվերջին մենք կունենանք մի հրաշալի պատկերագիրք։ Որքան որ գիրքը ձոնված է տիկին Օլգային, բայց սա ևս մի հրաշալի սկզբնաղբյուր կլինի թումանյանասերների և թումանյանագետների համար, արդեն իր տիկնոջ ձայնով գրավոր տողերի միջից տեսնելու ու բացահայտելու Հովհաննես Թումանյանի։ Այսինքն՝ ինչպես էլ պտտվում ենք, ամեն դեպքում կենտրոնը Հովհաննես Թումանյանն է»։