Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով ընդամենը հինգ օր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ աշխատած Անդրանիկ Սիմոնյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ՝ անցնելով ճիշտ նույն ճանապարհը, ինչ ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարմայանն ու ԱԱԾ ներկայիս տնօրեն Արմեն Աբազյանը։
Մամուլը գրում է, որ Սիմոնյանը առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրեն, թեև պաշտոնական որևէ հաղորդագրություն այս մասին չկա։
Հայաստանյան միակ հատուկ ծառայությունում այս նոր նշանակումը, հավանաբար, քիչ ուշադրություն գրավեր, եթե նախորդ երկուսուկես տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգ անգամ չփոխեր ԱԱԾ տնօրենին: Ընդ որում, ծառայության ղեկավարներից երկուսը, ինչպես ասացինք, տնօրեն նշանակվեցին՝ անցնելով այն ճանապարհը, ինչ 31-ամյա Անդրանիկ Սիմոնյանը, ով առնվազն երեք տարի աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ անցած տարի հունիսին նշանակվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ավելի քան մեկ տարի Պետական վերահսկողության ծառայությունում ղեկավարի օգնականից մինչև ղեկավար աշխատած գնդապետ Քյարամյանը անցած տարվա մայիսի 4-ին նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ և ընդամենը մեկ օր մնալով այդ պաշտոնին՝ մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ արդեն մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին՝ ԱԱԾ տնօրեն։
Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, իսկ դեկտեմբերի վերջին վարչապետի որոշմամբ դարձյալ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Քյարամյանին նույն օրը փոխարինած Միքայել Համբարձումյանը որպես տնօրենի պաշտոնակատար ԱԱԾ-ն ղեկավարեց մեկ ամիս, և նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից նոյեմբերի 8-ին, երբ պատերազմը դեռ շարունակվում էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հանրապետության նախագահը նոյեմբերի 8-ին Արմեն Աբազյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն։
2018թ. մայիսի 8-ին ընտրվելով վարչապետ՝ երկու օր անց Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Արթուր Վանեցյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն։ 2019թ. սեպտեմբերին 16-ին, վարչապետ Փաշինյանի հետ հրապարակային սուր հակասության ֆոնին, Վանեցյանը ազատվեց պաշտոնից։ Երեք օր անց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց նրա տեղակալը՝ Էդուարդ Մարտիրոսյանը, ով 2020թ. մարտի 19-ին նշանակվեց ծառայության տնօրեն, սակայն որպես տնօրեն երեք ամիս էլ չպաշտոնավարեց և ազատվեց անցած տարվա հունիսի 8-ին։
ԱԱԾ պաշտոնական կայքէջի համաձայն, Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր՝ 1991-ից, Հանրապետությունն ունեցել է ԱԱԾ 13 ղեկավար։ Ընդ որում, հատուկ ծառայության ղեկավարները հաճախակի փոխվել են նաև 1990-ականների առաջին կեսին, ճիշտ է՝ ոչ այս հաճախականությամբ. 1991-1995թթ. ընթացքում նշանակվել է ԱԱԾ հինգ ղեկավար՝ Հուսիկ Հարությունյանից մինչև Սերժ Սարգսյան։
Ի դեպ, նախորդ, երկուս ու կես տարում բազմիցս փոխվել են նաև ԱԱԾ փոխտնօրենները։
Վերլուծաբան Արեգ Քոչինյանի խոսքով, Հայաստանի միակ հատուկ ծառայության ղեկավարության նման հաճախականությմաբ փոփոխությունները կարող են բացասաբար ազդել ԱԱԾ աշխատանքի վրա․ - «Առաջին հերթին դա անդրադառնում է կանխատեսելիության վրա տվյալ հիմնարկի։ Ընդ որում՝ թե՛ համակարգի ներսում կանխատեսելիության, թե՛ նաև մեր գործընկեր երկրների համար այդ կառույցի կանխատեսելիության տեսանկյունից։ Եվ վերջապես, անշուշտ անդրադառնում է նաև արդյունավետության տեսանկյունից, որովհետև հասկանալի է, որ ցանկացած նոր ղեկավարի համար կա ակլիմիտիզացիայի որոշակի ժամանակահատված, որ ինքը դեռ նոր ծանոթանում է գործի էությանը, և այդ ժամանակահատվածը բավականին խոցելի է դարձնում այդ կառույցը առնվազն կառավարման տեսանկյունից»։
Հատկանշական է, որ Փաշինյանի նշանակած ԱԱԾ հինգ տնօրեններից երկուսը՝ Վանեցյանն ու Համբարձումյանը պաշտոնանկությունից հետո դարձան նրա խիստ քննադատները։ Հաջորդ ուշագրավ փաստն այն է, որ վարչապետը ԱԱԾ տնօրենին երկու անգամ փոխեց պատերազմի ժամանակ։
«Այս հաճախականությամբ ղեկավարներ փոփոխելու խնդիրը վկայում է երեք շերտով առկա խնդիրների մասին։ Ամենամակերեսային շերտը դա Կառավարության ղեկավարի հախուռն և շատ հաճախ էմոցիոնալ մոտեցումն է նշանակումների և պաշտոնից ազատումների հարցում», - նշեց Քոչինյանը։ - «Երկրորդ շերտը՝ մեր երկրում առկա կադրային, արհեստավարժության լրջագույն խնդիրն է, որին գումարվում է ներկայիս իշխանությունների սարսափելի վատ կադրային քաղաքականությունը»։
«Եվ վերջապես, ամենախորքային շերտը», - շարունակում է Քոչինյանը։ - «Պետական կառավարման համակարգի նախորդ փուլում, որում Հայաստանը ապրում էր, պետական կառավարման համակարգի մեջ լրջագույն էլեմենտ էր կոռուպցիան։ Այսինքն՝ երբ որ դու կոռուպցիոն էլեմենտը պետական կառավարման համակարգից հանում ես, ստացվում է այնպես, որ այդ պետական կառավարման համակարգը ուղղակի ադեկտված չի աշխատում։ Եվ ըստ էության մենք հեղափոխությունից հետո ինչ ունեցանք․ մենք ունեցանք, որ փորձ արվեց կոռուպցիան հանել պետական կառավարման համակարգից, բայց դրան միաժամանակ՝ որևէ կերպ չկառուցել, չվերազինել պետական համակարգը։ Եվ դրա արդյունքում պետական կառավարման համակարգը անընդհատ դոփում է տեղում և անընդհատ չի լուծում իր առջև կանգնած խնդիրները»։
Թե մինչև ԱԱԾ տնօրեն (ինչպես Գեորգի Կուտոյանի դեպքում) կամ փոխտնօրեն նշանակվելը ինչու են նշանակվում իրավապահ այլ մարմինների ղեկավարների տեղակալներ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի պահանջն է, որովհետև նույն այդ օրենքով ԱԱԾ տնօրեն կամ փոխտնօրեն նշանակվելու համար պետք է բավարարել մի շարք պահանջներ, իսկ եթե ոչ, ապա ծառայության տնօրեն կամ փոխտնօրեն կարող է նշանակվել ուժային այլ կառույցների՝ ոստիկանություն, դատախազություն, Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնյան։