Մահացել է Արկադի Տեր-Թադևոսյանը

Մարտի 31-ին 81 տարեկանում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Այս մասին «Ազատությանը» հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը` հավելելով, որ Տեր-Թադևոսյանը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում` ծայրահեղ ծանր վիճակում:

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում:

1991 թվականին նա նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին Կոմանդոսն ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին: