Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընդունում է Ռումինիայի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, մարտ, 2021թ․

Այսօր երեկոյան, ժամը 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կընդունի Ռումինիայի ընտրանուն։

2022-ին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկային երկու հանդիպումները ազգային հավաքականի ֆուտբոլիստները հաղթել են և այժմ 6 միավորով J խմբի առաջին հորիզոնականը կիսում են Գերմանիայի հավաքականի հետ։

Երեկ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց․ - «Ռումինիան շատ նման է մեզ՝ խաղալով ուղղահայաց և բարձր արագությունների վրա, ունենալով երիտասարդ ֆուտբոլիստներ։ Շատ լավ թիմ է, խաղադաշտում շատ հստակ պատկերացնում են իրենց խնդիրները։ Այնպես որ՝ մեզ դժվար խաղ է սպասում»։

Լիխտենշտեյնի և Իսլանդիայի հետ հաղթական խաղերում Հայաստանի ընտրանին 4 պաշտպան, 4 կիսապաշտան, 2 հարձակվողներով էր խաղում, արդյո՞ք դա թիմի հիմնական տակտիկական սխեման է դարձել։ «Ոչ, մենք ամեն խաղին պատրաստվում ենք՝ հաշվի առնելով մեր մրցակիցներին։ Ցանկանում ենք, որ մեր թիմը նույնականացնի իրեն որոշակի խաղային սիստեմի հետ։ Սա, սակայն, ձեռք չի բերվում մեկ օրում, տասն օրում, մեկ ամսում, ժամանակ է պահանջվում սրա համար», - հարցին արձագանքեց Կապառոսը՝ հավելելով․ - «Բայց մենք պետք է առաջին հերթին գոհ լինենք նրանից, որ ֆուտբոլիստները շատ համապատասխան ձևով տրամադրված են»։

Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 7 խաղ անընդմեջ չի պարտվել՝ դրանցից 5-ը հաղթելով:

Երեք օր առաջ Երևանում Իսլանդիայի հետ կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից Տիգրան Բարսեղյանի խոսքով՝ Կապառոսը թիմի մտածելակերպն է փոխել։ «Որովհետև հիմա լրիվ ուրիշ ձև ենք մտածում ու պատրաստվում խաղերին։ Ու նոր մարզչի հետ նոր մտքեր են եկել, ու մենք սկսում ենք իրագործել ու ավելի շատ ենք հավատում մեր ուժերին», - ասաց նա։

Հայաստանի հավաքականը երբեք չի հաղթել ռումինացիներին․ Բարսեղյանը շատ կարճ է արձագանքում վիճակագրությանը՝ «Իսլանդիային էլ չէինք հաղթել»։

Այս հանդիպմանը նույնպես մարզադաշտից թիմին կերկրպագեն մարզասերները՝ կորոնավիրուսի պատճառով սահմանափակ քանակով։ Վաճառվել են բոլոր տոմսերը։ Երկրպագուների ՖԱՖ շարժումն էլ երեկոյան երթ է անցկացնելու դեպի մարզադաշտ։