Իրանում Նովրուզից հետո արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ

Իրանցիները պատրաստվում են Նովրուզին, Թեհրան, 17 մարտի, 2021թ.

Իրանում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 10 հազար 255 նոր դեպք: Դա ամենաբարձր ցուցանիշն է անցած երեք ամսում:

Մասնագետների փոխանցմամբ, Իրանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը, որի պատճառը դարձել է իրանական նոր տարին՝ Նովրուզը:

Երկու շաբաթ տևող այդ ավանդական ժողովրդական տոնը նշելու համար մեծ թվով իրանցիներ երթևեկում են և այցելում են միմյանց:

«Ես բազմիցս ասել եմ, որ մեր վարչակազմն ունի երկու խնդիր, պայքար սանկցիաների և կորոնավիրուսի դեմ»,- ասել է նախագահ Հասան Ռոհանին:

Իրանում կորոնավիրուսով ախտահարվել է մոտ 1 միլիոն 900 հազար մարդ, մահացել` 62 հազար 569 հիվանդ:

Իշխանությունները Նովրուզի նախօրեին բնակիչներին հորդորել են խուսափել զանգվածային հավաքներից:

Իրանը Ռուսաստանից ստացել է Sputnik V վակցինայի 400 հազար դեղաչափ, ևս մեկ միլիոն 600 հազար դեղաչափ կստանա առաջիկայում:

Բացի այդ, Իրանը կստանա AstraZeneca-ի վակցինայի 4 միլիոն 200 հազար դեղաչափ, Sinopharm չինական վակցինայի 250 հազար դեղաչափ և Հնդկաստանում արտադրվող COVAXIN պատվաստանյութի կես միլիոն դեղաչափ: