Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության՝ Այվազյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը:
Նա ներկայացրել է նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարը շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:
Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարևորվել է միջազգային հանրության գործուն միջամտությունը: