ԱՄՆ պետական քարտուղար Էնթոոնի Բլինքենը երեկ հրապարակել է արտաքին գերատեսչության կազմած Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի զեկույցը:
Այդ ամենամյա փաստաթուղթը Պետական դեպարտամենտն ավանդույթի համաձայն փոխանցում է ԱՄՆ Կոնգրեսին:
Զեկույցի հայաստանյան բաժնում կա անդրադարձ դատական համակարգի և քրեակատարողական հիմնարկների թերություններին, իրավապաշտպանների առաքելությանը, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը և, իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:
«Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ վերականգնել է հսկողությունը 1994-ին կորցրած շրջանների նկատմամբ»
2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, որի մեջ ներքաշվել են, մի կողմից, Հայաստանը և Հայաստանի աջակցությունը վայելող Ղարաբաղի անջատականները, և, մյուս կողմից, Ադրբեջանը, որը Թուրքիայի օգնությամբ վերականգնել է հսկողությունը 1994 թվականին կորցրած շրջանների նկատմամբ, արձանագրում է Պետդեպարտամենտը։
Պատերազմն ավարտվել է շնորհիվ Մոսկվայի միջնորդության: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 9-ին կնքել են եռակողմ հայտարարություն, որով տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահները:
Ըստ Բլինքենի հրապարակած զեկույցի, 44 օր տևած թեժ մարտերի ընթացքում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներն ի կատար են ածել ապօրինի մահապատիժներ, կողմերի վարած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հրետանային և հրթիռային հարվածների են ենթարկվել խաղաղ բնակավայրեր:
Հայաստանը և Ադրբեջանը հայցերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները զեկույցներ են կազմել երկու կողմերի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառման մասին:
Պատերազմի ընթացքում զոհվել է 75 և վիրավորվել է 167 հայ խաղաղ բնակիչ, Ադրբեջանի փոխանցմամբ՝ պատերազմի զոհ է դարձել 98 խաղաղ բնակիչ, ավելի քան 420-ը վիրավորվել է:
Զեկույցում ասվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 57 հայ գերեվարված անձ, Հայաստանից Ադրբեջան է վերադարձել 14 ադրբեջանցի գերի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և միջնորդները շարունակում են ջանքեր գործադրել բոլոր գերիներին ազատելու համար:
«2018-ի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը չի բարեփոխվել»
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում են կտտանքներ, անմարդկային վերաբերմունք, անձին նվաստացնելու գործելակերպ, սակայն, ըստ որոշ հաղորդագրությունների, առանձին դեպքերում իրավապահները դիմել են նման գործողությունների:
Իրավապաշտպանների փոխանցմամբ, ապօրինություններ կատարած պաշտոնյաները չեն պատժվել: 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը չի բարեփոխվել, միայն ղեկավար կազմն է փոխվել, դրա հետևանքով էլ, ըստ իրավապաշտպանների, անցյալում կատարված հանցանքների գործերով քրեական հետապնդում չի եղել:
Տարվա ընթացքում տեղի են ունեցել ապօրինի ձերբակալություններ: Լուրջ խնդիր է մնում նախնական կալանքի երկար ժամկետը: Քրեակատարողական հիմնարկներում անբավարար պայմաններ են, թերի բուժօգնություն է, կա նաև քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» խնդիրը: Սահմանվել են նոր խիստ պատժաչափեր այդ ենթամշակույթն արմատախիլ անելու համար:
«Հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել»
Զեկույցի կարևոր մասը դատական համակարգին տրված գնահատականն է: «Համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ», - ասվում է զեկույցում:
Իր ներածական խոսքում պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել ոչ միայն արտաքին գերատեսչության աշխատակիցներին, դիվանագետներին, այլև իրավապաշտպաններին ու լրագրողներին, ովքեր հաճախ վտանգի ենթարկվելով են կատարում իրենց առաքելությունը:
Զեկույցում կա անդրադարձ մամուլին, մասնավորապես հիշատակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված միջադեպը: Գասպարյանը հարձակվել է «Ազատության» լրագրողների վրա, երբ նրանք փորձել են ռեպորտաժ պատրաստել Սևանի ափին ապօրինի կառուցված դղյակների մասին:
Նախկին ոստիկանապետը ոչ միայն հայհոյախառն լեզվով է խոսել, այլև սպառնացել է սպանել լրագրողներին: Այդ փաստով գործ է հարուցվել:
Մեկ այլ միջադեպ կապված է «Երկիր Մեդիա»-ի օպերատոր Հայկ Սուքիասյանի հետ: Դատապարտելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը՝ ընդդիմությունը դեկտեմբերի 1-ին կառավարության հրաժարականի պահանջով ցույց է անցկացրել, ըստ զեկույցի, ոստիկանները փորձել են բերման ենթարկել ցույցը լուսաբանող օպերատորին:
Լրագրողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները դատապարտել են նշված և տարվա ընթացքում տեղի ունեցած այլ միջադեպերը:
ԱՄՆ Պետական դեպարտամենտի մարդու իրավունքների 2020 թվականի զեկույցում ասվում է, որ Հայաստանում համացանցն ազատ է:
Բացի այդ, զեկույցում նշվում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ «Հայաստանում քաղբանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին հավաստի հաղորդագրություններ չկան»: