Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը այսօր ասել է, թե Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը լույս են կորոնավիրուսի համավարակի թունելի վերջում։ Նա խոսել է Հունաստանի վարչապետի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
ՄՕԿ-ի նախագահ վերընտրվելուց հետո Թ․ Բախը արտասահմանյան առաջին այցը կատարել է օլիմպիական խաղերի ծննդավայր՝ Հունաստան։ «Հույները մարդկությանը տվել են օլիմպիական խաղերի մեծ նվերը, մեկ այլ մեծ պարգևի՝ ժողովրդավարության պարգևի հետ, և այստեղ, այս մարզադաշտում դուք կարող եք զգալ այդ երկուսի ոգին»,- ասել է Բախը։
Երկօրյա այցի ընթացքում նա մասնակցել է ՄԹԱ 6-րդ դարի անտիկ մարզադաշտի նոր լուսավորության համակարգի բացմանը։ 1896 թվականից սկսած այստեղ է բռնկվում օլիմպիական կրակը, որը փոխանցվում է օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրին։
Օլիմպիական կրակը մարտի 25-ից Ճապոնիայում է, ամբողջ երկրով մեկ պտտվելուց հետո հուլիսի 23-ին այդ կրակով է բոցավառվելու Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման ջահը։
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին անցյալ տարի, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել են ու տեղի են ունենալու 2021 թվակաի ամռանը, սակայն առանց օտարերկրյա հանդիսատեսի։