Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Ըստ նախագահի գրասենյակի, քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախարարը նախագահին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ:
Խորհրդարանը մարտի 19-ի արտահերթ նիստում ընդունեց իշխող ուժի ներկայացրած Դատական օրենսգրքում և իրավական ոլորտում մի շարք օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը։
Օրինագծի հեղինակների պնդմամբ՝ նախագծի նպատակն է ապահովել դատական գործընթացների խելամիտ քննությունը, դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդին էլ օժտել լրացուցիչ լիազորություններով, որով այդ մարմինը իրավունք կունենա, օրինակ, դատավորից գործը վերցնել և փոխանցել մեկ այլ դատավորի, քննել ձգձգվող դատական նիստերի պատճառները և այլն, քաղաքացին էլ կարող է դիմել ԲԴԽ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։