Լիազորություններն անցնելու մեղադրանքով ոստիկանության պաշտոնյաներ են կալանավորվել

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:

ԱԱԾ-ն նշում է, որ նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2 միլիոն 550 հազար դրամ գումար, 1 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:

Ավելին, ինչպես ծառայությունն է նշում, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը՝ հափշտակված տեսախցիկները վերադարձնելու և դրանք այլ անձի չվաճառելու դիմաց՝ տուժողից պահանջել են ընդհանուր 700 հազար դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի 25-ին՝ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հափշտակված առարկաներ, կենդանիներ, գումարներ և այլն:

Ոստիկանության վերը հիշատակված պաշտոնատար անձինք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հիշյալ աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ: