Արցախում վիրավորում ստացած հայ լրագրողները դիմել են ՄԻԵԴ

Լրագրող Սևակ Վարդումյան

Պատերազմի հենց սկզբին Արցախի Մարտունի քաղաքում վիրավորում ստացած հայ լրագրողները դիմել են Մարդու իրավուքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով ճանաչել իրենց իրավունքերի խախտումն ու Ադրբեջանին պարտավորեցնել ընդհանուր 115 հազար դոլարի չափով փոխհատուցում տրամադրել։

«Հրթիռն ընկավ, առաջին հրթիռը։ Սկսեցի անկանոն վազել՝ փնտրելով ապատաստարանը, փաստորեն ապաստարանի փնտրտուքի ճանապարհին էլ բեկորային վիրավորումը ստացել էի», - պատմեց 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։

Հոկտեմբերի 1-ին Մարտունիում ադրբեջանական հրետակծության հետևանքով բեկորային թեթև վիրավորում ստացած Վարդումյանը համոզված է՝ ադրբեջանական կողմը հենց լրագրողների է թիրախավորել՝ նպատակ ունենալով նվազեցնել Արցախ այցելող լրագրողների թիվը։

«Դեպքից հետո լրագրողների մուտքն Արցախ էականորեն նվազել էր, այսինքն՝ մարդիկ մտածել էին՝ այստեղ անվտանգ չէ, հենց լրագրողներն են թիրախավորվում և սկսեցին ավելի քիչ գալ։ Այո՛, հոկտեմբերի 1-ին թիրախը եղել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողները», - ասաց Սևակ Վարդումյանը։

Հայ լրագրողների հայցը ստրասբուրգյան դատարան բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունն է ներկայացրել` «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանի հետ համատեղ։

Դիմումատուները ոչ միայն 3 հայ լրագրողներն են, այլև այդ օրը ֆրանսիացի լրագրողներին ուղեկցած ու հրետակոծության հետևանքով մահացած Գրիշա Նարինյանի եղբայրը՝ Մխիթար Նարինյանը։

«Հետամուտ ենք լինելու, որպեսզի դատարանը ճանաչի մեր չորս դիմումատուների խախտված իրավունքները, մասնավորապես, Կոնվեցնիայի երկրորդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի խախտումը և 10-րդ հոդվածով նախատեսված՝ ազատ արտահայտվելու իրավունքի խախտումը», - ասաց ՄԻԵԴ-ում լրագրողների ներկայացուցիչ Շուշան Դոյդոյանը։

Նույն օրը Մարտունիում նաև 3 քաղաքացիական էր մահացել։ Ծանր վիրավորում էին ստացել ֆրանսիական «Լը Մոնդ» թերթի լրագրողները։

Նրանց դեպքում անմիջապես ՄԻԵԴ դիմելն անհնար է, նկատում է ստրասբուրգյան դատարանում հայ լրագրողների ներկայացուցիչը։ Շուշան Դոյդոյանն ասում է՝ ֆրանսիացի լրագրողները ստիպված են սկզբում դիմել ադրբեջանական դատարան։

«Իրենց իրավուքները, եթե այս ճանապարհով չբավարարվեն, նոր միայն դրանից հետո կարծես իրավունք են ստանում դիմելու Եվրոպական դատարան։ Մեր պարագայում այս փուլը կարծես բացառվում է, որովհետև անաչառ դատաքննությունն է բացառվում, ուստի միանգամից իրավունք են ստանում մեր դիմումատուներն անմիջապես դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասաց Դոյդոյանը։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ու արտասահմանցի լրագրողները մեկ անգամ չէ, որ հայտնվել են ադրբեջանական կողմի հրետակոծությունների ու ռմբակոծությունների տակ։