«Առավել հավանական է, որ վիրուսը կենդանուց է մարդուն փոխանցվել»

Էլեկտրոնային մանրադիտակով ստացված կորոնավիրուսի պատկերը:

Որտեղի՞ց հայտնվեց ամբողջ աշխարհում ծանր ճգնաժամ առաջացրած կորոնավիրուսը:

Ախտահարվել է շուրջ 126 միլիոն մարդ, մահվան դեպքերի թիվը մոտենում է 2 միլիոն 760 հազարին:

COVID-19 հիվանդությունը մոլորակին հասցրել է աննախադեպ ծանր տնտեսական ճգնաժամի, քանի որ եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի ծավալով կաթվածահար է արել արդյունաբերությունը, տրանսպորտի աշխատանքը և բազմաթիվ այլ ոլորտներ:

Եվ դրա պատճառը մի պստիկ, անտեսանելի երևույթ է, այնքան փոքր, որ դժվար է պատկերացնել, մեկ սանտիմետրում կարող է տեղավորվել 200 հազար կորոնավիրուս:

Դրանք նույնիսկ էակ չես անվանի, քանի որ կենդանի մարմին չեն, ոչ բջջային կառուցվածք ունեն և բազմանում են միայն ուրիշ բջիջ ներթափանցելուց հետո: Որտեղի՞ց եկան մեր գլխին:

Պանդեմիայի մեկնարկից ի վեր աշխարհի գիտնականներն այդ հարցն են տալիս: Ի սկզբանե քննարկվել է մի քանի հավանական վարկած․ առաջինը, վիրուսը կենդանուց անմիջապես փոխանցվել է մարդուն, երկրորդը, վիրուսը կենդանուց մարդուն է փոխանցվել մեկ ուրիշ կենդանու միջնորդությամբ, և երրորդը, վիրուսը միտումնավոր կամ պատահական եղանակով դուրս է բերվել Ուհանի կամ որևէ այլ գիտական կենտրոնի լաբորատորիայից:

Այդ երրորդ վարկածը շատ է քննարկվել հատկապես չին-ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում, սակայն այսօրվա դրությամբ գործնականում բացառվում է:

Այդպիսի կարծիք են հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի առողջապահության համակարգի փորձագետները, ովքեր փետրվարից սկսած հետազոտություններ են անցկացրել կորոնավիրուսի ծագման էպիկենտրոն համարվող Ուհանում և պետք է առաջիկա օրերին հրապարակեն իրենց համատեղ զեկույցը:

«Մենք քննարկել ենք բոլոր հնարավորությունները։ Մեր համոզմամբ, լաբորատորիայից վիրուսի դուրս գալու տարբերակը ծայրաստիճան անհավանական է, ավելի արժանահավատ են կենդանուց անմիջապես մարդուն, կամ կենդանուց միջնորդ կենդանու միջոցով մարդուն փոխանցվելու հնարավորությունները», - ասել է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման չինական պետական կենտրոնի փոխտնօրեն Ֆեն Ժիանը:

Ի դեպ, եթե կորոնավիրուսը մարդուն է փոխանցվել կենդանուց, դրա հավանական աղբյուրը կարող է լինել չղջիկը, որից Չինաստանի որոշ գավառներում, այդ թվում՝ Հուբեում, որտեղ գտնվում է Ուհանը՝ պատրաստում են տարբեր ուտեստներ:

Մինչդեռ գիտնականների կարծիքով, առավել հավանականը երկրորդ տարբերակն է, և ահա թե ինչու․ հայտնի է, որ չղջիկներն, ինչպես նաև մողեսները կորոնավիրուսներ կրողներ են, բայց այդ երկու կենդանիների մոտ հայտնաբերված և մարդու մոտ COVID-19 հիվանդությունը հարուցող կորոնավիրուսների միջև կա էվոլյուցիոն տարբերություն, որը մի քանի տասնամյակով է գնահատվում:

Փաստորեն ի հայտ է գալիս բացակայող շղթա, դա էլ թույլ է տալիս ենթադրել, որ COVID-19-ի հարուցիչը, հավանաբար, մեկ կենդանուց նախ փոխանցվել է մյուսին, որից ավելի ուշ փոխանցվել է մարդուն: Թե որ կենդանին է միջնորդի դերում եղել՝ այս պահին գիտնականները չգիտեն:

Որն էլ լինի վիրուսը մարդուն փոխանցելու ճանապարհը, ակնհայտ է, որ դրանից կարելի է ազատվել կամ հիվանդանալու և կազդուրվելու միջոցով, կամ պատվաստանյութի օգնությամբ: Ինչպիսին կլինի կյանքը, եթե բնակչության մեծ մասը պատվաստվի: Հարցի պատասխանը տալիս է Իսրայելը՝ վակցինայի տրամադրման հարցում առաջատարն ամբողջ աշխարհում:

Բնակիչների կեսից ավելի արդեն ստացել է երկրորդ դեղաչափը: Իսրայելը տոնում է Փեսախը՝ Հրեական զատիկը: 2020-ին այս օրերին կարանտին էր, մարդիկ ընկճված էին, վախեցած, իսկ հիմա փոխողբներում, խանութներում, սրճարաններում ասեղ գցելու տեղ չկա, ուրախություն է:

«Հիմա կարող եմ ծննդյանս 79-ամյակը տոնեմ երեխաներիս և թոռներիս հետ: Վերադարձանք նորմալ կյանքին, գրեթե նորմալ։ Լսել ենք, որ բավական բարդ է վիճակը Եվրոպայում, Անգլիայում, ցավում ենք այդ մարդկանց համար, բայց ուրախ ենք, որ այստեղ հաղթահարեցինք», - ասել է Բրիտանիայից Իսրայել տեղափոխված տարեց Լեսլի Բերգերը:

«Տեսեք, ինչ գեղեցիկ օր է, դրան ենք սպասել երկար ժամանակ, շատ ծանր ենք տարել լոքդաունները, հիմա վերջապես մեր ազատությունն ենք վայելում», - ասել է բժշկական սարքավորումներ արտադրող ընկերության աշխատակից Նատալի Ռիմերը:

Իսրայելում փետրվարի վերջից են սկսել թուլացնել կարանտինը: Կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը հունվարի կեսի համեմատությամբ 86 տոկոսով նվազել է: Պատվաստում ստացած կամ հիվանդացած և կազդուրվգած բնակիչներին առողջապահության նախարարությունը տրամադրում է այսպես կոչված «կանաչ քարտեր», որոնք վկայում են առողջ լինելու մասին և ընձեռում են ազատ տեղաշարժի ու հանրային վայրեր անարգել այցելելու իրավունք: