Հոսպիտալում այժմ մթնոլորտը շատ ծանր չէ, հիվանդասենյակները լի են տղաների առույգ ձայներով

Պատերազմի 44 օրերի ընթացքում բժիշկները մարտի դաշտից հանել են 11 հազար զինվորների, նրանցից տասը հազարը վիրավորներ, իսկ հազարը՝ այլ հիվանդությամբ՝ քովիդից մինչև հոգեկան խնդիրներ։

«Բոլոր վիրավորների թվաքանակից 55 տոկոսը կազմել են թեթև վիրավորումներ ստացած անձինք, 36 տոկոսը եղել են միջին ծանրության վիրավորումներ, 2 տոկոսը ծայրահեղ ծանր վիրավորումներ են ստացած եղել և 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ», - փոխանցոց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը։

Ամենամեծ թվով կորուստներն ու վիրավորումները պատերազմի առաջին տասը օրում են եղել, ասում է ԶՈւ ռազմաբշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։ Մի գիշերում մինչև 200 վիրավորի էին տարածքային հոսպիտալից ուղղաթիռով կամ ռեանիմոբիլով Երևան տեղափոխում։

Գնդապետ Օհանյանը պատերազմի բոլոր օրերին ու հիմա բարձր է գնահատում բժիշկների աշխատանքը․ - «Ունեցել ենք դեպքեր, երբ զորքերի նահանջը կազմակերպված՝ վերջին պահին նոր բժշկական ստորաբաժանումը նահանջել է։ Բայց նահանջել է՝ ծավալվելով այդ ուղղությամբ, որոշ հեռավորության վրա»։

16 բժիշկ, 60 բուժակ է զոհվել այս պատերազմում մասնագիտական գործը կատարելիս։ Հաճախ Ադրբեջանը թիրախավորում էր վիրավորներ տեղափոխող սանիտարական մեքենաները, բուժհաստատությունները։ Մարտակերտի հոսպիտալը հրթիռակոծվել էր, երբ այդտեղ երեք վիրահատություն էր ընթացքի մեջ։

Ռազմաբժշկական վարչության պետն ասում է, որ հոսպիտալները, բժշկական մոբիլ խմբերը, բժշկական վաշտերն անընդհատ տեղից տեղ էին փոխում։ Պատերազմի ժամանակ ընդունված կանոններ կան, և դրանք բոլորը Ադրբեջանը խախտել է։

Այնուամնեայնիվ, գնդապետը շեշտում է, որ բուժօգնությունն անընդհատ է եղել․ - «Միայն մարտական գործողությունների ընթացքում իրականացվել է 5 հազարից ավելի վիրաբուժական միջամտություն»։

1500 զինծառայող այժմ շարունակում է բուժումը։

Շարքային Յոլչյանը հոկտեմբերի 19-ին է վիրավորվել, օրեր առաջ զինվորական հոսպիտալում վիրահատվեց 4-րդ անգամ, արդեն փորձում է ոտքի կանգնել․ - «Երեկ եմ փորձել։ Մի քանի քայլ եմ արել ընդամենը։ Հետո գլուխս պտտվեց, ասացին էսօրվա համար հերիք էր»։

Հակոբը հոսպիտալի բուժանձնակազմին հավատում է՝ քայլելու է․ - «Միանշանակ։ Չեմ էլ կասկածում»։

Հոսպիտալում այժմ մթնոլորտը շատ ծանր չէ, հիվանդասենյակները լի են տղաների առույգ ձայներով։

Պատերազմի օրերից այստեղ հոգևոր ծառայություն է իրականացնում տեր Վանանդ քահանա Անդրեասյանը․ - «Բժշկության աղոթքներով, զրուցելով հոգևոր թեմաներով, հոգեբանական առումով շատ մեծ աշխատանքներ են տարվում։ Իրոք շատ ծանր վիճակում էին գտնվում։ Նույնիսկ երբ պահարանիվ որևէ իր էր ընկնում, տղաները վեր էին թռնում, վախենում էին։ Կամ լույսը անջատած ժամանակ սենյակում գիշերով վախենում էին»։

Աղոթքներ այստեղ հնչում էին ամենուր՝ հոսպիտալի մատուռից, հիվանդասենյակներից մինչև վերակենդանացման բաժանմունք՝ կոմայի մեջ գտնվող զինվորների մոտ։

«Տարիքը կարևոր է, - շեշտում է քահանան», - բոլոր դժվարություններից 18-ամյա տղաները կարողանում են ժպիտով դուրս գալ»։

Գերությունից վիրավոր ոտքով վերադարձած զինվորն էլ է կատակում, թե 3 վիրահատություն եմ տարել, մեկը արտերկրում, Ադրբեջանը նկատի ունի։ Հոսպիտալի բժիշկները խոստացել են, որ երկու ամսից տղան ոտքը գետնին կդնի ու կքայլի։