«Մենք լացկան տեսակը չենք, պայքարող տեսակ ենք»

44-օրյա պատերազմում զոհված Ժիրայրի կինը՝ Բելլա Բաղդասարյանը, և մայրը՝ Կարինե Գևորգյանը։

Վանաձորցի հայր և որդի Անդրեասյանները 44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում են եղել․ մեկը՝ Մատաղիսում որպես պայմանագրային, մյուսը՝ Հադրութում որպես ժամկետային զինծառայող։ Ավելի քան 10 օր կյանքի ու մահվան հետ կռիվ տալուց հետո, նույն օրը՝ հոկտեմբերի 9-ին, 18-ամյա Գեորգին երկու ոտքից վիրավորվել է, 43-ամյա Ժիրայրը, ցավոք, զոհվել։

Ժիրայրի մայրն ու կինն իրենց ապրումները նկարագրելիս ուժասպառ են լինում։ Բայց միևնույն ժամանակ ասում են, թե հանուն երեխաների փորձում են ուժեղ լինել։

«Ես Ժիրոյի ներկայությունն անընդհատ զգում եմ ու ինչ անում եմ, մտածում եմ՝ հըմի էս կասեր, էն կասեր, էրեխեքի համար ոնց կմտածեր, ոնց կուզեր․․․ Ու հենց էդ նույն ձևով ավելի վստահ եմ առաջ գնում։ Երևի լացկան տեսակը չենք, պայքարող տեսակ ենք», - ասում է կինը՝ Բելլա Բաղդասարյանը։

«Մենք ծիծաղում ենք։ Ծիծաղում ու թաքուն սրբում ենք մեր արցունքները։ Այ դա ա մեր ուժը։ Դրանով ենք մենք ուժեղ, որ մեր լացը ու ցավը չենք փաթաթում ոչ մեկին», - ասում է Ժիրայրի մայրը՝ Կարինե Գրիգորյանը։

Նա պատմում է, թե ինչպես էր հոգին երկատվում մի կողմից որդու և թոռան, մյուս կողմից՝ մյուս զինվորների համար աղոթելիս, որ բոլորն էլ ողջ-առողջ ետ գան․ - «Հեռուստացույցը միացրած ամեն օր հավատում էինք լուրերին՝ հաղթելու ենք, զինվորները էսքան առաջ են գնացել․․․ ու էդ հավատով ապրում էինք մենք։ Մեկ օր, երկու օր, տասը օր ու սպասում էինք, հենց մեկ վայրկյար զանգ էր լինում, ուրախանում էինք, որ ինչ լավ ա, հիմա Գոգը կզանգի, Ժիրոն կզանգի․․․»

Կարինե Գրիգորյանը Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայում ավագ բուժքույր է։ Բելլա Բաղդասարյանը դասավանդում է պոլիտեխնիկական քոլեջում։ Երկուսն էլ անցել են իրենց գործին։ Ասում են՝ աշխատանքն է, որ կարող է բուժել ցավերը։

Գեորգին պատերազմից վերադարձել է խոր վերքերով ու կորստի մեծ ցավով։ Վիրավորվելուց հետո երեք ընկերներով ռումբերի վտանգի տակ մի քանի կիլոմետր ճանապարհ են կտրել, մինչև կհասնեին բժիշկներին։ Քչախոս է, աչքերի մեջ միայն տխրություն է հայտնվում, երբ խոսում է ընկերների մասին, որոնք ավելի ծանր վնասվածքներ ունեին․ - «12 հոգի մարդ են մնացել մեր վաշտից։ 87 հոգուց»։

Պատերազմի օրերին, ասում է, բոլոր օրերին մտքերը հոր հետ էին։ Հայրն էլ կնոջ հետ հեռախոսով խոսելու մի քանի վայրկյաններին միայն որդու մասին է հարցուփորձ արել։

10-ամյա Էլենը երգում է։ Նրա առաջին տեսահոլովակը հոր հիշատակին է նվիրված։ Վառ հիշողություններ ունի հայրիկի հետ կապված։ Ասում է, որ այդ ամենը թղթին կհանձնի նկարների տեսքով։ Արդեն բազմաթիվ աշխատանքներ ունի։

Մեծ դժբախտություն տեսած ընտանիքում շեշտում են, որ մտերիմները, հարազատները, անգամ անծանոթները իրենց մենակ չեն թողել վշտի հետ։

«Ամենասկզբում մտածում էինք, որ մի քանի օր ա, հեսա արարողությունները կավարտվի, կմնանք մենակ։ Բայց տենց չի, մեր կողքը շատ մարդ կա», - ասում է Ժիրայրի կինը։