ՖԻՖԱ-ն շոկային է որակել Հայաստանի հավաքականի հաջողությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում տանը 2։0 հաշվով հաղթելով Իսլանդիայի ընտրանուն, յուրօրինակ ռեկորդ գրանցեց` իր պատմության մեջ առաջին անգամ ԱԱ որակավորման փուլի մեկնարկում երկու անընդմեջ հաղթանակ տանելով: Այս մասին հայտնեց անգամ աշխարհի առաջնության թվիթերյան պաշտոնական էջը։

Սա Հայաստանի հավաքականի միակ տպավորիչ ցուցանիշը չէր. ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն երրորդ խաղն անընդմեջ անառիկ պահեց սեփական դարպասը։

Այսպիսով, իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ թիմն արդեն 7 խաղ անընդմեջ չի պարտվել` դրանցից 5-ը հաղթելով։

Իսլանդիայի հետ հաղթական հանդիպմանն ընդառաջ ֆավորիտի կարգավիճակ ունեին հյուրերը, սակայն խաղն այլ սցենարով անցավ։ Առաջին կեսում թիմերից և ոչ մեկին չհաջողվեց բացել հաշիվը։ Երկրորդ խաղակեսն ավելի հաջող դասավորվեց Հայաստանի ընտրանու համար։ 53-րդ րոպեին գեղեցիկ պտտեցված հարվածով գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը, 74-րդ րոպեին Հայաստանի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Խորեն Բայրամյանը։

Մեկնարկային երկու տուրերից հետո Հայաստանի հավաքականը կիսում է J խմբի առաջին հորիզոնականը Գերմանիայի ընտրանու հետ։

Հայաստանի հաջողությունը զարմացրել է նաև ՖԻՖԱ-ին, թվիթերյան գրառմամբ հավաքականի հաջողությունը աշխարհի առաջնության էջը շոկային է որակել։

Մեկնարկը բարդ ստացվեց, սակայն առաջին խաղակեսի միջնամասում թիմը սկսեց ավելի շատ տիրել գնդակին, հետխաղային ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Կապառոսը չցանկացավ թիմից առանձնացնել գոլերի հեղինակներին. «Ես չէի ուզի նշել հատուկ այս երկու ֆուտբոլիստներին, կնշեի ամբողջ թիմի խաղը, չեմ սիրում անհատապես գնահատել ֆուտբոլիստներին, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, և որպեսզի այս կամ այն ֆուտբոլիստը լավ խաղա, իր թիմակիցը պետք է նույնպես լավ խաղա»:

Այս հանդիպմանը երկարատև դադարից հետո ներկա էին նաև երկրպագուները:

«Ես կնշեի ամբողջ թիմին, ինչպես նաև մեր մարզասերներին, որոնք շատ մեծ աջակցություն մեզ ցուցաբերեցին: Պետք է խոսել ամբողջ թիմի և մարզասերների դերակատարության մասին: Միասին մենք այս ամենին հասանք», - ասաց գլխավոր մարզիչը:

Երկու օրից Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի ռումինացիներին, այդ խաղին նույնպես երկրպագուները ընտրանուն կաջակցեն տրիբունաներից։

Մարզական լրագրող Ռոբերտ Գասպարյանի խոսքով՝ հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ զարմացնում է, ընտրանին երեկ ցույց տվեց, որ որևէ մրցակցից չի վախենում. «Իսլանդիան Լիխտեյնշտեյն չէ և Լիխտեյնշտեյնի դարպասին մեկ գնդակ, Իսլանդիայի հավաքականի դարպասը երկու գնդակ, սպասում ենք երկրաչափական պրոգեսիայով 3 գնդակ Ռումինիայի հավաքականի դարպասը»:

Քաթարում 2022-ին կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր կվաստակեն որակավորման փուլի խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը: Այն հավաքականները, որոնք կավարտեն մրցաշարը երկրորդ տեղում, կխաղարկեն մնացած ուղեգրերը, ընդհանուր առմամբ Եվրոպայից աշխարհի առաջնությանը կմասնակցի 13 հավաքական:

Ռոբերտ Գասպարյանի խոսքով` հավաքականի առջև ամեն խաղում միավոր վաստակելու խնդիր է դրված. «Եթե ամեն խաղում հաղթի թիմը, կարող է հանգիստ գրավել երկրորդ տեղը կամ ինչու ոչ առաջին հորիզոնականը, բայց ամեն ինչի մասին երևի թե չընկնենք այսպես երազանքների հետևից»:

Կապառոսը, գլխավորելով հավաքականը, թիմին նոր լիցք է հաղորդել, ասում է մարզական լրագրողը: Ըստ նրա` նախկինում թիմը շատ էր կախված անհատ ֆուտբոլիստներից, օրինակ` այս խաղերին չմասնակցող Հենրիխ Մխիթարյանից։ Գասպարյանի խոսքով` իսպանացի մասնագետն աշխատել է նաև մի շարք ֆուտբոլիստների անհատական որակների վրա. «Մի փոքր նվազեցրել է, օրինակ, Կամո Հովհաննիսյանի առաջխաղացումները, որը անհամեմատ ավելի շատ էին Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք, Տիգրան Բարսեղյանին է մի փոքր ծանրաբեռնել, և ամեն դեպքում նրա աշխատանքը երևում է ամեն տեղ, բալանսավորված է խաղում Հայաստանի հավաքականը, նրա օրոք հավաքականը սկսել է գնդակ վերահսկել, ինչը գրեթե չէր երևում նախորդ մասնագետների օրոք, այսինքն` կենտրոնում գնդակի հանգիստ խաղարկումը և հետո տրամաբանական շարունակությունը շատ լավ է աշխատում Խուակին Կապառոսի օրոք»:

Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Գևորգ Ղազարյանն էլ առավել քան տպավորված է հավաքականի խաղից, ասում է՝ հասկացան, որ առանց Մխիթարյանի թիմը կարող է սահուն ֆուտբոլ խաղալ. «Այսինքն` մեծ հաշվով ապագայում միանշանակ սահմանվեց, որ Հայաստանի հավաքականը գիտի, թե ինչպես խաղա Հենրիխ Մխիթարյանի հետ, հիմա արդեն մենք գիտենք, թե ինչպես պետք է խաղանք իր բացակայության պայմաններում»:

Գևորգ Ղազարյանի պնդմամբ՝ պետք չէ ուղեգրի համար պայքարել, պետք է պատրաստվել յուրաքանչյուր խաղի, այնուհետև աչք գցել մրցաշարային աղյուսակի վրա. «Մենք չպետք է մրցաշարային աղյուսակում որևէ խնդիր լուծելու մասին խոսենք, պարզապես հաղթել բոլոր խաղերում, պարզապես անել առավելագույնը»: